Իրանի իշխանություններն ուկրաինական «Բոինգի» կործանման հետաքննության շրջանակներում դադարեցնում են համագործակցությունը Կիևի հետ՝ հայտարարել է Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչ Հասան Ռեզաիֆարը`պնդելով, որ ուկրաինական կողմը զբաղված է նախաքննության նյութերի անօրինական գաղտնազերծմամբ:
«Տեխնիկական հետաքննություն իրականացնող ուկրաինական թիմը տարօրինակ քայլի դիմեց` հրապարակելով վթարի պահին նույն շրջանում չվերթ իրականացնող մեկ այլ օդանավի անձնակազմի խոսակցությունների գաղտնի ձայնագրությունը», - նշել է իրանցի պաշտոնյան` հավելելով, որ ուկրաինական կողմին այլևս որևէ իրեղեն ապացույց չի փոխանցվելու: Կիևը պնդում է, որ այս ձայնագրությունները խիստ կարևոր են, քանի որ դրանց բովանդակությունը վկայում է, որ Իրանի իշխանությունները վթարից անմիջապես հետո տեղյակ են եղել «Բոինգի» կործանման իրական պատճառների` հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված լինելու մասին: