«Փաստը» գրում է. «Վերջին օրերին ակտիվորեն քննարկվում էր տեղեկատվությունը, որ կապի և հեռահաղորդակցության ծառայություններ մատուցող «Յուքոմ» ընկերությունը հնարավոր է ամբողջությամբ գնի հայաստանյան «Բիլայն» ընկերության բաժնետոմսերը։ Այս տեղեկությունը պաշտոնապես հաստատել են թե «Յուքոմ» ընկերությունը, թե «ՎԵՈՆ Արմենիա» ընկերությունը, որին պատկանում է «Բիլայն» ապրանքանիշը: Ի դեպ, տարիներ շարունակ ոլորտի փորձագետները նշում էին, որ ֆինանսական խնդիրների պատճառով հայաստանյան այս շուկայում հնարավոր են խոշորացումներ:
«Փաստի» տեղեկություններով՝ վերոնշյալ հավանական գործարքի գլխավոր պատճառը «Բիլայնի» ֆինանսական խնդիրներն են:
«Վերջին մի քանի տարիներին այս ընկերությունը բավականին բարդ կացության առջև է կանգնել: Ի դեպ, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այս մասին ակնարկեց նաև ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մասնավորաբար նշելով, որ 2018-ը «ՎԵՈՆ Արմենիան» («Բիլայն») փակել է 9,5 մլրդ դրամի վնասով: Ըստ այդմ, հնարավոր է, որ բաժնետոմսերի վաճառքը «Բիլայնի» համար լավագույն լուծումն է սնանկացումից խուսափելու համար»: