Չինաստանում բռնկված նոր տեսակի կորոնավիրուսը բարենպաստ միջավայրում մակերեսների վրա կարող է մնալ հինգ օր՝ նշել է Չինաստանի առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի ինֆեկցիոն հիվանդությունների գծով փորձագիտական խորհրդի անդամ Ցզյան Ժունմենը:
«Առաջին հերթին, վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով հազալիս կամ փռշտալիս, դիպչելիս: Վիրուսը սովորաբար կարող է տարածվել աղբյուրից 1-2 մետր հեռավորությամբ և արագորեն հաստատվում է մարդու մարմնի վրա, սակայն օդում մնալ չի կարող»,- բացատրել է փորձագետը: Նրա խոսքով՝ վարակված թքի մասնիկները կարող են հաստատվել շրջապատում գտնվող առարկաների վրա, և վիրուսը կարող է հայտնվել մարդու ձեռքի վրա այդ առարկաներին դիպչելիս:
Հետազոտությունները ցույց են տվել, որ վիրուսը հարթ մակերեսների վրա կարող է գոյատևել մի քանի ժամ, ունակ է պահպանել գոյությունը մի քանի օր համապատասխան խոնավության և ջերմաստիճանի պարագայում: Օրինակ՝ 40 տոկոս խոնավության և 20 աստիճան ջերմաստիճանի պարագայում կորոնավիրուսը կարող է գոյություն ունենալ մինչև հինգ օր»,- շեշտել է մասնագետը: Նա խորհուրդ է տվել վարակվելուց խուսափելու համար լվանալ ձեռքերը: 2019-nCoV տեսակի կորոնավիրուսի ի հայտ գալու մասին Չինաստանն Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ է պահել 2019-ի դեկտեմբերի 31-ին: