Թուրքական պաշտոնական աղբյուրների պնդմամբ՝ նախօրեին զինված ուժերն ավելի քան հինգ տասնյակ օդային և հրետանային հարվածներ են իրականացրել` խոցելով Սիրիայի հյուսիսում` Իդլիբ նահանգում, լայնածավալ հարձակման անցած կառավարական բանակի ստորաբաժանումների զինծառայողներին՝ երեկ հայտարարեց Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարը: Նա շտապ մեկնել էր Սիրիային սահմանակից Հաթայ գավառ` սահմանից այն կողմ ծավալված ռազմական գործողությունների ընթացքին հետևելու նպատակով: «Այս պահի դրությամբ հարվածներ են հասցվել սիրիական վարչակազմի շուրջ 54 թիրախների: Տարբեր աղբյուրներից ստացվող տեղեկատվության համաձայն՝ այդ հարվածների հետևանքով Սիրիայի կառավարական բանակի 76 զինծառայող է չեզոքացվել», - թուրքական բանակի հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ ասել է Հուլուսի Աքարը: