Դեկտեմբերին մեր տունը խուզարկելիս մի հայտարարություն արեցի, որ տանից հանել են տանկ, ԲՏՌ, ԲՄՊ, և մի քանի օր առաջ, երբ հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ինչպես է դանդաղ խոսում և դանդաղ մտածում։ Իսկ եթե դանդաղ խոսում է և դանդաղ մտածում է, ուրեմն դանդաղ էլ հասկացել է, լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանությունից 3 ժամ անց դուրս եկած Ռուբեն Հայրապետյանը։
«Նա իմ գրպաններում և մեքենայում փնտրում է ՍՈՒ-35-ը, տանկերը, ԲՏՌ-ն ու ԲՄՊ-ն։ Դե, բնականաբար, հասկանում եք՝ ում հանձնարարությամբ է։ Հերթական կապիկությունն էր ընդամենը։ Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց չեն հասկանում, որ իմ տեսակին չեն կարող վախեցնել։ Բացի դրանից՝ նույնիսկ եթե պառկացնեին ասֆալտին, ամոթ չէ ոստիկանի կողմից գետնին պառկելը։ Բայց, որ ես եմ մի գեղեցիկ օր պառկացնելու ու ոտքերս մաքրելու իրենց վրա՝ հաստատ է», - ասաց նա։ Ինձ բերման են ենթարկել առանց ուժ գործադրելու։ Բնականաբար, զենք չեն հայտնաբերել, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանն՝ ավելացնելով՝ «Ինձ մոտ կա 3 օրինական զենք, թույլտվություները գրպանումս դրված են։ Այդպիսի մարդը երբեք անօրինական զենք չի պահում»։
Նա նշեց՝ իր հետ տեղի ունեցածը հերթական շոուն է. «Երեք զենքերից երկուսը որսորդական զենքեր են, որոնցով որսի էի գնացել, մեկն իմ անձնական զենքն է՝ անվտանգության համար։ Բոլորդ գիտեք՝ ժամանակին ինձ վրա մահափորձ է կատարվել, և իմ անվտանգության համար զենք եմ պահում», - ասաց նա։ Ռուբեն Հայրապետյանը հիշեցրեց, որ երեկ Քննչական կոմիտեում հարցաքննվել է՝ ՀՖՖ քրգործի շրջանակներում։ Նա մանրամասներ չհայտնեց, միայն նշեց, որ առաջիկայում կպարզվի՝ ՀՖՖ-ն որքան գումար է իրեն պարտք։
«Պատրաստ եմ, թող ամեն օր կանչեն։ Իրենք ուզում են իմ մեքենան խուզարկել։ Ես ասել եմ, որ մինչև սանկցիա չլինի՝ թույլ չեմ տալու։ Իրենք էլ մեքնան չեն տալիս, ինչի իրավունքը չունեն։ Իմ սեփականությունը բռնագրավել են», - նշեց Հայրապետյանը։