«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքում գրել է. «ՀՀ վարչապետ, «Իմ քայլը» խմբակցության և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանի կողմից ԱԺ ներկայացված հայտնի օրենսդրական նախաձեռնությունները գնահատում եմ որպես ազգային անվտանգության, ներքին կայունության և պետական կարգի լրջագույն սպառնալիք: ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին փաստաթուղթը պետք է բավարարի 3 առանցքային նշանակություն ունեցող չափանիշներին.
1. Համապատասխանի գործող Սահմանադրությանը:
2. Համապատասխանի Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին:
3. Վայելի քաղաքական և հասարակական լայն շերտերի հավանությունն ու համաձայնությունը:
Առաջին 2 չափանիշներին բավարարելու մասին վերջնական իրավական գնահատական ներկայացնելու բացառիկ իրավասությունը պատկանում է ՀՀ Սահմանադրական դատարանին, իսկ երրորդ չափանիշը բավարարվում է նախագծի մշակման ընթացքում կազմակերպվող հանրային քննարկումների և քաղաքական կոնսուլտացիաների արդյունքում:
Ցանկացած փորձ՝ շրջանցել նշված չափանիշները, կարող է որակվել որպես իշխանության ուզուրպացիա` համապատասխան քրեա-իրավական որակումով և անխուսափելի քրեական պատասխանատվությամբ»: