Ինձ համար արդեն շատ հասկանալի է, որ կառավարությունը մեղքի զգացումից դրդված, 30 միլիոն դրամ է տրամադրել «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին, որպեսզի լռեն՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Մեզ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանը՝ անդրադառնալով «Մարտի 1»–ի գործով տուժողների իրավահաջորդների կողմից սևազգեստ մայրերի դեմ դատական հայց ներկայացնելուն և կառավարությունից «Մարտի 1»-ի գործով տուժածների ընտանիքներին 30 մլն դրամ տրամադրելուն։
«Մենք ոչ մեկից վախենալու խնդիր չունենք։ Գևորգ Կոստանյանն ասել էր, որ պատրաստակամ է գալու և «Մարտի 1»-ի հետ կապված արձագանքելու։ Ինչո՞ւ մեր կառավարությունը թույլ չտվեց, որ գա և բացահայտի։ Հիմա փորձում են սևազգեստ մայրերին ինչ-որ մեկի հրահանգով դատի տալ․ մնացածն իրենց պատասխանը դատարանում կստանան»,-ասաց նա և հավելեց, որ այստեղից պարզ է դառնում, որ կառավարությանը «Մարտի 1»-ի գործը բացահայտելը ձեռնտու չէ։
«Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը ներկայացրեց, որ 2019-ի հունվարից դիմել էին ՀՀ կառավարություն, որպեսզի զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվող 30․000 դրամ պարգևավճարն ավելացվի, սակայն այն չի ավելացվել, փոխարենը՝ 2008թ. «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին 30 մլն դրամ է տրամադրվել։ «Զոհված զինծառայողների համար գումար չունեին, իսկ «Մարտի 1»-ի դեպքերի համար գումար ունեին։ Եթե նրանք, այսօր 30 մլն վերցնելով, մտել են դատարան և իրենց նպատակն է ՀՀ երկրորդ նախագահին դատապարտելը, ես խորհուրդ կտամ՝ ձեռքերը սևազգեստ մայրերից հեռու տանել, մենք պատշաճ վերաբերմունք ենք ուզում, մենք ուզում ենք, որ մեր տղաներին զոհասեղանին դնելով՝ կառավարության կողմից հարգանքի արժանանանք»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը։
Սևազգեստ մայրերի նման պահանջ ներկայացնելուց հետո «Մարտի 1»–ի գործով տուժողների իրավահաջորդները նրանց դեմ դատական հայց են ներկայացրել։ Սևազգեստ մայրերի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը ներկայացրեց հայցի դեմ առարկությունները, և նշեց, որ հայցի հիմքում Մարգարիտա Խաչատրյանի այն արտահայտություններն են, որով նա ասել է՝ ինչո՞ւ օրինակ՝ «Սասնա ծռեր» խմբավորման հարձակման արդյունքում տուժած ոստիկաններին և զոհված զինծառայողների ընտանիքներին փոխհատուցում չի տրամադրվում՝ պատճառաբանելով, որ բյուջեն պատրաստ չէ, բայց փոխարենը՝ 30 մլն դրամ է տրամադրվում «Մարտի 1»-ի գործով տուժածների ընտանիքներին։
««Մարտի 1»-ի գործով տուժողների իրավահաջորդները գտնում են, որ ոտնահարվել է իրենց պատիվն ու արժանապատվությունը և տարածվել է զրպարտություն համարվող տեղեկություններ։ Ես և իմ վստահորդները որոշել ենք, որ այս հայցից պաշտպանվելու խնդիր չունենք»,- ասաց նա և հավելեց, որ հայցը ևս մեկ հարթակը իրենց խնդիրը բարձրաձայնելու համար։