Քանի որ «ԱԺ կանոնակարգ», «Հանրաքվեի մասին» և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը պարունակում է նաև Սահմանադրական նորմեր, ի սկզբանե եղածը ուսումնասիրելով, բնականաբար, դեմ ենք այդ նախագծին՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա նշեց, որ պատրաստ են լսելու հեղինակի հիմնավորումները. «Նիստը կգա, կլինի, հեղինակը կներկայացնի, կտեսնենք՝ ինչպես է հիմնավորում»,- ասաց նա:
Հարցին՝ այս նախագծի բերման կարգի հետ կապված շտապողականություն նկատո՞ւմ է, Մարուքյանը պատասխանեց. «Եթե խորհրդի նիստը լիներ, ես շտապողայկանության հետ կապված հարցը կբարձրաձայնեի՝ թե ինչո՞ւ արտահերթ, ինչո՞ւ 24 ժամյա ռեժիմ, բայց նիստը չեղավ, այդ հարցերը մնացին, բայց, բնականաբար, այդ հարցերը քննարկվելու են խորհրդարանում»:
Այսօր ԱԺ խորհրդի արտահերթ նիստ պետք է գումարվեր, որպեսզի քննարկվեր ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը, նիստը հետաձգվել է:
Մարուքյանը նշեց, որ իրենց մտահոգություններն ավելի են խորացել. «Կարծում եմ` Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը եղավ այս նախագծերը շրջանառելուց հետո, չեմ բացառում, որ շարունակություն կունենա սրանք ընդունելուց հետո ևս»,- ասաց նա: