Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանել 2020-ի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Աժ-ին մի շարք օրենքների իրավակարգավորումները համապատասխանեցնելու ՍԴ որոշման պահանջներին, հայտնում են ՄԻՊ-ից։
ՍԴ ներկայացված դիմումի հիմքում ընկած են հոգեբուժարաններում Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկման այցերի ընթացքում արձանագրված խնդիրները, Պաշտպանին հասցեագրված անհատական բողոքների քննարկման արդյունքները, միջազգային առաջադեմ փորձն ու օրենսդրական խնդիրները։
Հարցն այն է, որ ՀՀ գործող օրենսդրությամբ անձի օրինական ներկայացուցչի համաձայնությունն արդեն իսկ համարվում է բավարար պայման երեխաների և անգործունակ չափահասների հոգեբուժական օգնության, այդ թվում՝ հոգեբուժական հիվանդանոցում տեղավորելու համար։ Արդյունքում, խախտվում են լսված լինելու և իրազեկված համաձայնությունը տալու նրանց իրավունքները։ Օրենսդրական թերի կարգավորումների պատճառով պրակտիկայում հաճախակի են այն դեպքերը, երբ հոգեբուժարանում կամավոր բուժվող են համարվում այն անձինք, ովքեր այնտեղ պահվում այն հիմքով, որ կա իրենց օրինական ներկայացուցիչների համաձայնությունը: Այս դեպքերում, սակայն, փաստացի նրանք պահվում և բուժվում են իրենց կամքին հակառակ, այսինքն՝ հարկադրաբար՝ դրանով իսկ մեխանիկորեն զրկվելով դատարանում հարկադիր բուժման հարցը բարձրացնելու հնարավորությունից: