ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանդես է եկել ամենամյա ուղերձով, որի ժամանակ անդրադարձել է ավիատիեզերական ոլորտին՝ Կոնգրեսին կոչ անելով ամբողջապես ֆինանսավորել ամերիկացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու ծրագիրը: Թրամփն ընդգծել է, որ օրենսդիրները պետք է միշտ հիշեն ԱՄՆ-ի՝ առաջատար լինելու փաստն ու շարժվեն է՛լ ավելի առաջ՝ դեպի Լուսին: «Խնդրում եմ Կոնգրեսին ամբողջապես ֆինանսավորել «Արտեմիս» ծրագիրը՝ երաշխավորելու համար, որ Լուսնի մակերևույթին վայրէջք կատարող հաջորդ կինն ու տղամարդն ամերիկացի տիեզերագնացներ են լինելու, և սա օգտագործելով որպես արձակման հարթակ՝ երաշխավորելու համար, որ Ամերիկան կլինի Մարսի վրա դրոշ ծածանած առաջին պետությունը»,-ասել է նախագահը: «Ապոլլոն 17» լուսնային առաքելության 45-ամյակի կապակցությամբ Թրամփը ստորագրել էր փաստաթուղթ, որով ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (ՆԱՍԱ) պետք է մի քանի տարում տիեզերագնացներին Լուսին ուղարկի: Անցած տարվա մայիսին Սպիտակ տունը հայտարարել է, որ մտադիր է ՆԱՍԱ-ի ֆինանսավորումն ավելացնել 1,6 մլրդ դոլարով՝ «Արտեմիս» լուսնային առաքելության իրագործման համար: