Քաղաքական աստառ չեմ ուզում տալ այս ամենին, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ոստիկանապետի տեղակալ Վարդան Մովսիսյանն՝ անդրադառնալով երեկ Ռուբեն Հայրապետյանին բերման ենթարկելուն: «Ամեն ինչ արվել է օրենքի սահմաններում, չեմ ուզում ոչ մի քաղաքական աստառ տալ այս ամենին», - ասաց նա: Հարցին՝ ինչպե՞ս է վերաբերվում Հայրապետյանի հայտարարությանը, որ մի օր ինքը «ոտքերը կմաքրի իրանց վրա»՝ ոստիկանապետի տեղակալն ասաց. «Ես նման արտահայտություններին այսպես կարձագանքեմ՝ յուրաքանչյուր օրինական գործողություն պետք է ստանա իր գնահատականն ու տրամբանական լուծումը»: Հարցին՝ արձագանք կլինի, և դա դիտարկվել է որպես սպառնալիք, փոխոստիկանապետն արձագանքեց. «Չեմ կարող գնահատական տալ սպառնալիք էր, թե սպառնալիք չէր, կարող է դա զուտ էմոցիոնալ արտահայտում լինի, բայց, իհարկե, ողջունելի չէ ոչ մի անձի կողմից», - նշեց նա:
Ճշտող հարցին՝ հստակ ի՞նչ դեպքերում են մարդկանց բերման ենթարկելուց «պառկեցնում ասֆալտի», Մովսիսյանն ասաց, որ գործողություններն իրականացվում են օրենքի սահմաններում: «Գոյություն ունի ուժի կիրառման չափ, ձև և այդ ամենն ամրագրված է օրենքով», - ասաց նա:
Հարցին, եթե չեն դիմադրում, ինչպե՞ս է վարվում ոստիկանությունն այս դեպքում, Մովսիսյանն ասաց. «Եթե չեն դիմադրում, մենք չենք «պառկեցնում ասֆալտին»: