2020-ի ներքաղաքական զարգացումների առումով Արցախի համար չափազանց կարևոր տարի է, քանի որ շատ շուտով այնտեղ լինելու են նախագահական և խորհրդարանական ընտրություններ, նաև ուժի մեջ է մտնելու Արցախի նոր Սահմանադրությունը, որով նախագահի ինստիտուտն ավելի ընդգծված է դառնում՝ «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի «Արցախը մեծ փոփոխությունների նախաշեմին: Արտաքին և ներքին անվտանգություն» թեմայով քննարկմանն ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Նրա խոսքով՝ նախագահական ընտրապայքարում տեղի ունեցող զարգացումներն այնպիսին չէին, ինչպես կարելի էր սպասել կամ պատկերացնել Արցախի պարագայում: «Բավականին սուր քննադատություն կա երկրի ներսում, մեծ է տարբեր գործիչների ցանկությունը՝ դառնալ երկրի նախագահ: Արդեն հանրության շրջանում տեսանելի է որոշակի տարանջատում, բևեռացվածություն: Ամենավտանգավորն այն է, որ առաջին անգամ Արցախում սկսել են կիրառվել նոր տեխնոլոգիաներ, որոնք բնորոշ էին այն երկրներին, որտեղ անցկացվում է իշխանության ոչ տրամաբանական փոխանցման գործընթացներ: Խոսքս հեղափոխական սցենարների մասին է»,- շեշտեց բանախոսը:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ երեկ է վերադարձել Արցախից. «Կարող եմ ասել՝ Արցախում ստեղծվում է այն ամենը, ինչը մենք տեսել ենք՝ սկսած 2016-2017թթ.: Կա այնտեղի «Հաց բերողը», կան ծայրահեղական գնահատականներով հանդես եկող նորաստեղծ կուսակցություններ, որոնք դուրս են եկել քննադատության և քննադատում են բոլորին՝ ամենավերջին վիրավորանքներով, անպատասխանատու ձևով, քաղաքական պրոցեսների մեջ առկա է նաև երեխաների ներգրավում, հասարակությանը քայլերթի դուրս բերելու՝ ոտքով քայլելու այսպես ասած «Գյումրուց-Երևան» գալու սցենարներ: Ամենակարևորը կա նաև Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ներգրավվածություն այդ պրոցեսները կառավարելու հարցում»,- ասաց նա:
Քաղաքագետի խոսքով՝ ՀՀ վարչապետը գնացել է Արցախ՝ Շահումյանի շրջան՝ պաշտոնական պատճառը երեխային տեսակցության, բայց չի զլացել, դուրս է եկել, շփվել է այնտեղի բնակիչների հետ, ոգևորել նրանց դիմելու տարբեր քայլերի: «Շահումյանի շրջանից սկսվում է Արցախը ճոճելու գործընթաց: Հնարավոր է անգամ, որ մինչև նախագահական ընտրություններն Արցախում քաղաքական իրավիճակ փոխվի: Այս պրոցեսի շահառուները տարբեր մարդիկ են՝ սկսած Արայիկ Հարությունյանից, Մասիս Մայիլյանից, Սամվել Բաբայանից և այլք: Կան նաև դիմադրության և մտահոգության լուրջ օջախներ, որոնցից ամենացայտունը Վիտալի Բալասանյանն է»,- նշեց նա: Ըստ նրա՝ նշվածից բացի բանակցային գործընթացում կան լուրջ մտահոգություններ: