ՀՀ Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու նախագիծը միանշանակ հակասում է Սահմանադրությանը, փորձ է՝ կատարելու Սահմանադրական դատարանի ոչնչացում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Նրա խոսքով ՝ դա ինքնին քրեական հանցագործություն է: Դիտարկմանը՝ փոփոխություններով առաջարկվում է Սահմանադրության 2015-ի դեկտեմբերի 6-ի փոփոխությունների 213-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը դադարում է, սա ի՞նչ վտանգներ կարող է պարունակել, Հարությունյանն ասաց. «Բանն այն է, որ չի կարող դադարել: Նրանք փոփոխություններ են փորձում կատարել այն դրույթներում, որոնք արդեն իրենց սպառել են, և դրանցում փոփոխություններ լինել չեն կարող»: Հարությունյանը հավելեց, որ չի կարող ասել՝ այս փոփոխություններն ընդունելուց հետո ինչ գործողություններ կհետևեն: