Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուի հետ հանդիպմանը խոսել է ԵԽԽՎ-ում երկու երկրների համագործակցության մասին՝ նշելով, որ Թուրքիայի պատվիրակությունն անցած ամիս ԵԽԽՎ-ում աջակցել է Ադրբեջանին ու հերթական անգամ համերաշխություն ցուցաբերել:
«Որպես ԵԽԽՎ-ում աշխատած մարդիկ լավ գիտենք այդ կառույցը: Ցավոք, այդ կազմակերպությունը 20 տարի Ադրբեջանն ընտրում է որպես թիրախ, իսկ Թուրքիային՝ էլ ավելի երկար ժամանակ… Այդ կազմակերպությունը միջազգային մակարդակում կորցնում է իր նշանակությունը, չի կարող ազդել աշխարհում տեղի ունեցող գործընթացների վրա», – ասել է Ալիևը՝ նշելով, որ ԵԽԽՎ-ն 20 տարվա ընթացքում տարբեր քաղաքական պատվերներ է կատարել Ադրբեջանի դեմ:
«ԵԽԽՎ-ն Ադրբեջանը ներկայացնում է որպես հետամնաց երկիր, չեն նկատում դրական գործընթացները, որոնք տեղի են ունենում Ադրբեջանում… Այդ ամենը սուտ է, Ադրբեջանում քաղբանտարկյալներ չկան: Իսկ երկրները, որտեղ կան քաղբանտարկյալներ, դուրս են մնում ուշադրությունից: Կարող եմ բերել Հայաստանի օրինակը: Հայաստանի նախկին նախագահը մեկ տարուց ավելի է՝ ձերբակալված է: Այդ նախագահը, երբ հայտարարեց, որ քաղաքականությամբ է զբաղվելու, ձերբակալվեց», – ասել է Ալիևը: