ՍԴ հարցը կլուծի Հայաստանի ժողովուրդը՝ երեկ ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Խորհրդարանում քննարկվում էր Սահմանադրության փոփոխության նախագիծը, որի ընթացքում ելույթ ունեցավ վարչապետը. «Սահմանադրական դատարանի երեքական դատավորների թեկնածուներ առաջադրում են Հանրապետության նախագահը, Կառավարությունը, Դատավորների ընդհանուր ժողովը, ընտրությունը կատարում է Ազգային ժողովը, և Սահմանադրական դատարանը դառնում է իշխանության երեք թևերի միջև բալանսավորման վերին ատյան: Ընդ որում, նոր Սահմանադրության նոր կարգավորումներն ունեն երկու կարևորագույն նրբություն: Ի տարբերություն նախկինի, գործող Սահմանադրությամբ Հանրապետության նախագահը չի կարող լինել որևէ կուսակցության անդամ պաշտոնավարության ընթացքում, կուսակցության անդամ չեն կարող լինել նաև դատավորները, և եթե հաշվի առնենք, որ Աժ նախագահն էլ զրկվել է ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու լիազորությունից կամ չունի այդպիսի լիազորություն, կարող ենք արձանագրել, որ ՍԴ կուսակցականացման կամ քաղաքականացման ռիսկերը գործող Սահմանադրությամբ հնարավորինս մեղմված են, - ասաց վարչապետը:- Մեղմված են նաև ՍԴ նախագահի կողմից դատարանում մենիշխանություն հաստատելու ռիսկերը, որովհետև գործող Սահմանադրությամբ, ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահը ընտրվում է ոչ թե ցմահ, այլ 6 տարի ժամկետով: Ընդ որում, ՍԴ դատավորը դատարանի նախագահ կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Բացի դա, ի տարբերություն նախկինի, ՍԴ նախագահն ընտրվում է ՍԴ դատավորների և ոչ թե ԱԺ-ի կողմից»: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նոր Սահմանադրությամբ ՍԴ դատավորի լիազորությունների ժամկետ է սահմանված 12 տարի: Ընդ որում, նույն մարդը ՍԴ դատավոր կարող է ընտրվել միայն մեկ անգամ: Վարչապետն ընդգծեց, որ դե ֆակտո և դե յուրե ՍԴ-ն երրորդ հանրապետությունում դարձել է տանիք՝ ընտրությունների կեղծման, ապօրինի իշխանության գոյության, իշխանության բռնազավթման համար:
«1996, 1998, 2003, 2008, 2013-ի նախագահական ընտրություններում ՍԴ-ն դարձել է այն գործիքը, որով ժողովրդին թույլ չի տրվել իրացնել երկրում իշխանություն ձևավորելու իր իրավունքը: Որովհետև ՍԴ-ն ամեն անգամ պլշած աչքերով իրեն նայող ՀՀ քաղաքացուն բացատրել է, որ ինքը, այսինքն՝ քաղաքացին, չի կարող երկրում իշխանություն ձևավորել, որովհետև դա հակասում է իրավակիրառ պրակտիկայի նախադեպային տրամաբանության հատուկ մասի սանկցիոն կանխավարկածի կոնվենցիոնալ զսպման անհրաժեշտությանը», - նշեց վարչապետը: Փաշինյանն ասաց, որ «եթե ոչինչ չփոխենք, երազանքի ՍԴ կունենանք ամենաշուտը 2035-ին, որովհետև գործող Սահմանադրության անցումային դրույթները գրելիս նախկին ՀՀԿ-ական իշխանության ներկայացուցիչները այնպիսի ձևակերպումներ են տվել, որ հին, այն հին ու մեզ հայտնի ՍԴ-ն շարունակի գործել հնարավորինս երկար»: Չնայած գործող Սահմանադրությամբ նախատեսված է, որ ՍԴ նախագահը պաշտոնավարում է 6 տարի, վարչապետի խոսքով, ՍԴ գործող նախագահը պաշտոնավարելու է 17 տարի՝ մինչև 2035-ը: «Եթե Թովմասյանը ստեղծում է Սահմանադրության տեքստ, որը Սերժ Սարգսյանին ցմահ պաշտոնավարելու հնարավորություն է տալիս, ուրեմն պետք է այդ տեքստը նաև իրեն ցմահ պաշտոնավարելու հնարավորություն տա՝ որպես ՍԴ նախագահ, ի հեճուկս հենց գործող Սահմանադրության։ Եվ հին ՍԴ անդամների պաշտոնավարման ժամկետը Հրայր Թովմասյանը չի կրճատել, այսինքն՝ նրանց նոր Սահմանադրությամբ նախատեսված ժամկետից ավել պաշտոնավարելու հնարավորություն է տվել ոչ թե ՍԴ այդ անդամների, այլ իր սեփական շահերի համար, որովհետև նրան պետք է եղել հին կարգով ընտրված ՍԴ անդամների պաշտոնավարումը մինչև 65 կամ ոմանց դեպքում 70 տարեկանը լրանալը պահպանել, որովհետև ինքը ի սկզբանե նախատեսած է եղել, որ ՍԴ անդամ պիտի ընտրվի իրեն նույնպես այդ հնարավորությունը տվող հին կարգով», - հայտարարեց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը լրանալու էր 2018-ի մարտի 25-ին, և որպեսզի պաշտոնավարի Հրայր Թովմասյանը, «նրանք Գագիկ Հարությունյանին, որին արդեն շնորհել էին ԲԴԽ նախագահի կարգավիճակը, համոզում են հրաժարական տալ մարտի սկզբին, իր պաշտոնավարման ժամկետի ավարտից 20 օր առաջ»։
Հրայր Թովմասյանը, ըստ վարչապետի, Սահմանադրության գործող տեքստում առնվազն սահմանադրական փոփոխությունների հարցում ՍԴ ավելի մեծ լիազորություն է վերապահել, քան ՀՀ ժողովրդին, որը երկրի իշխանության բարձրագույն կրողն է: Ըստ գործող կարգավորման, Սահմանադրության մեջ հնարավոր չէ փոփոխություն անել առանց ՍԴ թույլտվության՝ նշեց Փաշինյանը:
«ՍԴ-ն չունի ոչ մի հակակշիռ և ընդհանրապես ոչ մի զսպում, փոխարենը կարող է և փաստացի սահմանափակում է իշխանության բարձրագույն կրողի՝ ժողովրդի իշխանությունը, այդ թվում՝ ՍԴ կարգավիճակի վերաբերյալ», - ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պետք է որոշում կայացնեն հարցը ժողովրդով լուծելու համար։ «Սա տեղի կունենա այն պարագայում, եթե հանրաքվեի նշանակված օրը ՀՀ քաղաքացիները գնան ընտրական տեղամասեր և այո ասեն այդ փոփոխություններին, այո ասեն հեղափոխությանը, այո ասեն ժողովրդի իշխանությանը: Այդ պարագայում, ՍԴ-ում կշարունակեն պաշտոնավարել երկու նորանշանակ դատավորները՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից առաջադրված և Ազգային ժողովի կողմից ընտրված Արման Դիլանյանը և նախագահի կողմից առաջադրված և Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանը», - հայտարարեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հանրաքվեից հետո կառավարությունը, նախագահը, Դատավորների ընդհանուր ժողովը հերթով կառաջադրեն ՍԴ դատավորի թեկնածուներ, դատավորներին կընտրի Ազգային ժողովը, և «մի քանի ամսվա ընթացքում, կամ գուցե ավելի կարճ, մենք կունենանք ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված կարգով ընտրված և գործող ՍԴ, որը իր կազմից կընտրի ՍԴ նոր նախագահ»:
«Նոր ՍԴ-ի առաջ մենք պայման կդնենք, որ նրանք պետք է աջակցեն ՍԴ սահմանադրական վերահսկողության լիազորությունները հավասարակշիռ դարձնող օրենքների և սահմանադրական փոփոխությունների ընդունմանը: Եվ այս պրոցեսի ավարտին մենք կունենանք մի ՍԴ, որը չի լինի քաղաքական որևէ ուժի կամ խմբավորման կամ պաշտոնյայի կրնկի տակ, այլ կլինի ժողովրդի առաջ, հաշվետու ժողովրդին, սահմանադրական բարձրագույն դատական ատյան, բայց ոչ ավելի բարձր, քան ժողովուրդը: Հենց այսպիսի ՍԴ է պետք ՀՀ-ին, մեզ բոլորիս, ՍԴ, որը կերաշխավորի ժողովրդավարությունը, օրենքի իշխանությունը, իրավունքի գերակայությունը ՀՀ-ում և ոչ թե սպառնալիք կլինի ժողովրդավարության համար», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: