ՀՀԿ-ն «խստորեն դատապարտում է իշխանության նախաձեռնված «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների» նախագիծը», ասված է կուսակցության գործադիր մարմնի հայտարարությունում։
«Իշխանության ղեկին հայտնված, ժողովրդի վստահությունը և ակնկալիքները չարաշահող ավտորիտար պոպուլիստները սահմանադրական փոփոխությունների միջոցով ցանկանում են դադարեցնել մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը նշանակված ՍԴ նախագահի և անդամների պաշտոնավարումը՝ փոփոխելով Սահմանադրության անցումային դրույթները», - ասված է երեկ երեկոյան հրապարակված հայտարարությունում։ ՀՀԿ-ն պնդում է, որ «սկզբունքորեն ցանկացած իրավական ակտում անցումային դրույթն ունի որոշակի առաքելություն, ուժի մեջ մտնելուց հետո կատարում է իր առաքելությունը և այլևս փոփոխության ենթարկվել չի կարող»։ «Սա հակատրամաբանական, հակաիրավական և հակասահմանադրական փոփոխություն է, որով փորձ են անում դադարեցնել ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք նշանակվել են 2015-ից առաջ գոյություն ունեցած Սահմանադրությամբ», - ասված է հայտարարությունում ՀՀԿ-ն պնդում է, որ «տվյալ արկածախնդիր գործընթացը հակասում է ՀՀ Սահմանադրության հոդված 168-ի կետ 2-ին, ինչպես նաև հոդված 169-ի 2-րդ մասին», և որ «առաջարկվող կարգավորումները գործադիր և օրենսդիր ճյուղերի կողմից ՍԴ-ն մեկուսացնելու և զավթելու փորձ են, որի արդյունքում ՍԴ-ն զրկվելու է Սահմանադրությամբ նախատեսված իր լիազորությունների իրականացումից, իսկ հանրաքվեի դրական արդյունքի դեպքում ձևավորվելիք ՍԴ-ն կազմված է լինելու բացառապես իշխող ուժին լոյալ ներկայացուցիչներից»:
«Քննարկվող նախագիծն ուղղակիորեն հակասում է իրավական պետության, իրավունքի գերակայության և ժողովրդավարության սկզբունքներին։ Անտեսելով ԵԽԽՎ-ի կոչերը՝ այն ընդունման պահին չի անցել միջազգային պատկան մարմինների փորձաքննությունը, ինչը աննախադեպ է նորանկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում»՝ գտնում է ՀՀԿ-ն: «Հաշվի առնելով Հայաստանի պետականությանը սպառնացող այս արկածանդրության ողջ վտանգներն ու հետևանքները»՝ ՀՀԿ-ն արձանագրում է, որ «նախաձեռնած գործընթացի ամբողջ պատասխանատվությունը կրում են թե Նիկոլ Փաշինյանը, թե պետության զավթման հերթական արարի մեջ ներգրավված բոլոր անձիք», «պատրաստակամ է անհապաղ, ինտենսիվ և լայն քննարկումների պետության առջև ծառացած այս վտանգի հետևանքները կանխելու համար խնդրով մտահոգ բոլոր հասարակական և քաղաքական կառույցների հետ», «հորդորում է Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին և միջազգային կառույցներին արձագանքել հակասահմանադրական ճանապարհով Հայաստանի Սահմանադրության փոփոխությունների այս աղաղակող գործընթացին»։ ՀՀԿ-ն նախազգուշացնում է, որ «նման գործողությունները հարված են հասցնում երկրի միջազգային հեղինակությանը և թուլացնում Հայաստանի դիրքերը ռազմավարական և անվտանգային նշանակություն ունեցող գործընթացներում, այդ թվում՝ Արցախյան հիմնախնդրի շուրջ»: