ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկը խթանելու նպատակով ձևավորված ՀՀ միջգերատեսչական պատվիրակությունը (պատվիրակության ղեկավար՝ ՀՀ ՏԿԵՆ միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյան, անդամներ՝ ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի պետ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյան, ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական Դավիթ Սարգսյան, ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյան) փետրվարի 6-ին Պրահայում հանդիպում է ունեցել Չեխիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յակուբ Կուլհանեկի հետ՝ հայտնում են Միգրացիոն ծառայությունից։ Չեխական կողմից հանդիպմանը մասնակցել են նաև ՆԳՆ Ապաստանի և միգրացիոն քաղաքականության վարչության պետ Պավլա Նովոտնան և Միջազգային համագործակցության և ԵՄ վարչության պետ Բոհումիլ Հնիդեկը, ԱԳՆ Մուտքի արտոնագրերի վարչության երկու աշխատակիցներ:
Կողմերը քննարկել են ՀՀ-ԵՄ Մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսությունը սկսելու հնարավոր ուղիները, անդրադարձել են ՀՀ քաղաքացիների կողմից Չեխիա ներգաղթի դեպքերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության միջև Հետընդունման համաձայնագրի առավել արդյունավետ կիրարկման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու վերաբերյալ:
Նույն օրը Չեխիայի ԱԳՆ-ում հայկական պատվիրակությունը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳՆ փոխնախարարի տեղակալ, մուտքի արտոնագրերի վարչության պետ Դավիդ Նովիի հետ: Չեխական կողմից հանդիպմանը ներկա է գտնվել նաև ԱԳՆ` Հայաստանի համար պատասխանատու աշխատակիցը: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ներկայումս գործող արտոնագրային ռեժիմին առնչվող մի շարք հարցեր, խոսեցին խնդիրներից և հաղթահարման հեռանկարներից։
Պրահայում ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանին ընդունել է Չեխիայի ԱԳՆ՝ ԱլԳ հարցերով հատուկ բանագնաց Յարոսլավ Կյուրֆյուրստը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԱլԳ ապագայի վերաբերյալ կողմերի տեսլականի և առաջնահերթությունների վերաբերյալ, իրենց գոհունակությունն են հայտնել հայ-չեխական երկկողմ հարաբերությունների լայն օրակարգի և կողմերի միջև համագործակցության բարձր մակարդակի առնչությամբ: