Մենք արդեն մտել ենք իրավական կարգավորումների փուլ: ՀՀ նախագահն Ազգային ժողովի նախագահից Սահմանադրական փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու մասին ԱԺ որոշումը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ ստորագրելու համար՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, սահմանադրական փոփոխությունների նախագծի համահեղինակ Վահագն Հովակիմյանը:
«Նախ`պետք է Ազգային ժողովի նախագահը ստորագրի և 7-օրյա ժամկետում ուղարկի հանրապետության նախագահին: Հանրապետության նախագահը ստանալուց հետո ունի եռօրյա ժամկետ՝ հանրաքվե նշանակելու համար: Սա իրավական ընթացք է»,- ասաց Հովակիմյանը: Նա ընդգծեց՝ հանրաքվեն ՀՀ ժողովրդի իշխանության իրացման ուղղակի միջոցն է: «Ըստ Սահմանադրության՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին: Սահմանադրությունը ժողովուրդն է, ժողովուրդը Սահմանադրությունն է: Չի կարող ՀՀ օրենսդրության մեջ խնդիր լինել Սահմանադրությամբ ամրագրված ժողովրդի իշխանության իրացման համար, որովհետև ամբողջ օրենսդրությունը կոչված է ապահովել Սահմանադրության կատարումը»,-ասաց Հովակիմյանը:
Հարցին՝ վստահություն կա՞, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 25 տոկոսը կմասնակցի հանրաքվեին, և 650 000 քաղաքացի այո կասի սահմանադրական փոփոխություններին, Հովակիմյանը պատասխանեց. «Իհարկե, վստահություն կա, դրա համար էլ մենք պատրաստ ենք, բայց ՀՀ քաղաքացին է իր քվեով կամ հաստատելու մեր վստահությունը, կամ, Աստված չանի, վատ սցենարով գնա»:
Դիտարկմանը, թե ԵԽԽՎ համազեկուցողները կոչ են արել սահմանադրական հանրաքվեի համար ստանալ Վենետիկի հանձնաժողովի կարծիքը, դա չի՞ ենթադրում, որ նրանք համաձայն չեն Հայաստանի իշխանությունների հետ, Հովակիմյանն արձագանքեց. «Ոչ, դա ամենևին դա չի նշանակում: Ավելին ասեմ՝ նույն ԵԽԽՎ անդամ երկրների 95 տոկոսի մոտ գործում է այն կարգավորումը, որով մենք առաջնորդվել ենք, նրանց մոտ խորհրդարանը սահմանադրական հանրաքվեների նախագիծն ընդունում է և ներկայացնում ժողովրդի հաստատմանը»: