«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտը հրապարակել է հետազոտություն 2019-ի ՀՀ ժողովրդագրական տվյալների մասին. Արդեն հրապարակվում են 2019-ի հիմնական թվերը։ Բնականաբար՝ մասամբ։ Հրապարակումների առաջին խմբաքանակում ամենահետաքրքիրը կարելի է համարել ժողովրդագրության տվյալները։ Առաջին իսկ տվյալն ընդգծում է, որ բնակչության թվաքանակի նվազումը չի դադարել։ Եթե 2019-ի հունվարի 1-ի դրությամբ մեր երկրի մշտական բնակչության թիվը 2 մլն 965 հազար 300 մարդ էր, այս տարվա հունվարի 1-ի տվյալներով մենք պակասել ենք՝ 2 մլն 959 հազար 200։ Ժողովրդագրական ամենաանհանգստացնող փաստը ծնունդների նվազումն է։
2017-ին առաջին անգամ տարեկան կտրվածքով ծնունդների քանակը նվազեց 40 հազարի ցուցանիշից։ Դա գնահատվեց՝ ժողովրդագրական իրավիճակի վտանգավոր վիճակ։ 2019-ին առաջին անգամ 10000-ից նվազռց ծնունդների և մահերի քանակի տարբերությունը։ Եթե հաշվի առնենք, որ ամեն տարի աճում է երկրի բնակչության միջին տարիքը, գործընթացը կարելի է համարել վտանգավոր։ 2017-ին մեր բնակչության միջին տարիքը 36․2 տարեկան էր։ 2018-ին՝ 36,5 տարեկան։ 2019-ի տվյալը դեռ հրապարակված չէ։ Բնակչության նվազումը բացատրվում է արտագաղթով։ Բայց բացի արտագաղթ-արտաքին միգրացիայից, կա նաև ներքին միգրացիա, որը նույնպես էական ազդեցություն ունի ժողովրդագրական գործընթացների վրա։
Բնակչության աճ արձանագրում է միայն մայրաքաղաքը։ 2020-ի հունվարի 1-ի դրությամբ միայն մեկ մարզի՝ Գեղարքունիքի բնակչությունը մնացել է ճիշտ 2019-ի նույն ժամանակաշրջանի ցուցանիշին։ 9 մարզերից 8-ում բնական հավելաճ կա։ Այսինքն, ավելի շատ ծնունդ է արձանագրվել, քան մահ։ Սակայն միևնույն է բնակչության քանակը բոլոր մարզերում նվազել է։ Պատճառը միգրացիան է և բնական հավելաճի տեմպի կրճատումը։ Վայոց ձորի և Տավուշի մարզերում ծնունդների քանակը՝ 400 և 300, գերազանցում է մահացության թվին։ Հաջորդ մտահոգող ցուցանիշն արձանագրվել է Սյունիքի մարզում, որտեղ ապրում է բնակչության մոտ 5 տոկոսը։ Հավելաճի ցուցանիշը մոտ հազար մարդ է։ Ժողովրդագրական առումով ամենածանր վիճակը երկու տարի անընդմեջ արձանագրում է Լոռու մարզը։ 2 տարի է բնական հավելաճ չկա՝ մահերի քանակը ավելի բարձր է, քան ծնունդներինը։ 2019-ին Լոռիում արձանագրվել է 2 579 ծնունդ և 2586 մահ։ Պաշտոնական վիճակագրությունը պնդում է, որ 2019-ի հունվարի 1-ին Լոռիում ապրում էր 215․5 հազար մարդ, 2020-ի հունվարի 1-ին՝ 214․6 հազար։ Մինչդեռ այս մարզում ապրում է հանրապետության բնակչության 7․2 տոկոսը։
2019-ին շարունակվեցին ժողովրդագրական իրավիճակի բացասական գործընթացները։