«Արցախի Հանրապետության նախագահն իրականացնում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով Արցախի Հանրապետության կառավարման՝ իրեն վերապահված գործառույթները: Արցախի Հանրապետության նախագահը, ստանձնելով պաշտոնը, օրենքով սահմանված կարգով` Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը հրավիրված հատուկ նիստում, ժողովրդին տալիս է հետևյալ երդումը. «Ստանձնելով Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը` երդվում եմ. անվերապահորեն կատարել Սահմանադրության պահանջները` հարգել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ապահովել Հանրապետության ինքնիշխանությունը, անկախությունը, տարածքային ամբողջականությունը և անվտանգությունը` ի փառս Արցախի Հանրապետության և ի բարօրություն Արցախի ժողովրդի»:
Այն հանգամանքը, որ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնը նույնացնում է «Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ» եզրույթի հետ, կրկին անգամ հաստատում է, որ Վիտալի Բալասանյանի կողմից տրված գնահատականը համապատասխանում է իրականությանը. այն է՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ժամանակ «քննարկվել են Քաշաթաղի (Լաչինի) շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Ադրբեջանի ղեկավարությունը տարիներ շարունակ փորձել է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման բանակցային ձևաչափում ներառել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին:
Արցախի ժողովրդի և իր ընտրյալ իշխանությունների նկատմամբ բացահայտ դավաճանություն կարելի է որակել այն փաստը, որ Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչի՝ միջազգային ճանաչման գործընթացին, փաստորեն, լծվել են նաև ՀՀ ներկայիս իշխանությունները՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարարի, որ Ժնևում կայացած բանակցությունների ժամանակ Արցախի իշխանություններին և Արցախի նախագահին ներկայացնում է որպես Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ՝ սրանով իսկ փորձելով նույն հարթության վրա դնել Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցչին և Արցախի նախագահին:
Անընդունելի և դատապարտելի է այս իրողությունը, որը, մեր համոզմամբ, հետապնդում է մեկ նպատակ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունների ներկայացուցիչների բանակցություններում լեգիտիմացնել նաև Լեռնային Ղարաբաղի այսպես կոչված ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների մասնակցությունը»: