Հնադարյան Պոմպեյ քաղաքի ջրահեռացման հին համակարգերն այնքան լավ վիճակում են, որ կրկին սկսելու են շահագործել` չնայած կառուցվել են գրեթե 2300 տարի առաջ՝ տեղեկացնում է dailymail.com կայքը: Պոմպեյի 457 մ երկարություն ունեցող թունելներից մեկը համարվում է քաղաքի բացառիկ կառույցներից մեկը, կառուցվել է ջուրը քաղաքի կենտրոնից հեռացնելու համար: Այս և այլ թունելների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ջրահեռացման համակարգերը հազարամյակների ընթացքում չեն օգտագործվել և գտնվում են հիանալի վիճակում:
Համակարգերը կրկին օգտագործելու հնարավորությունն այն ժամանակների ինժեներական գործի բարձր մակարդակի վկայությունն է: Համակարգը կառուցել են մ.թ.ա. 3-րդ դարի վերջին կամ 2-րդ դարի սկզբին, սամնացիները, որ այդ ժամանակ բնակվում էին քաղաքում: Հետագայում ընդլայնել են հռոմեացիները: Պոմպեյը կործանվել է Հերկուլանում և Ստաբիա քաղաքների հետ միասին մ.թ. 79-ի օգոստոսին` Վեզուվի ժայթքումից: ։ Քաղաքն իր 5000 բնակիչներով անհետացել է երկրի երեսից։ Մի քանի մետր մոխրի շերտի տակ գտնվելով՝ մինչև մեր օրերը պահպանվել են քաղաքի տաճարների, սյուների ավերակները, նաև մարդկանց ոսկորների մնացորդներ։ Հին քաղաքի արևելյան կողմում գտնվում է համանուն փոքր քաղաքը։