Մոսկվայում աճուրդի են հանել ավտոմեքենան, որով երթևեկել է առաջին տիեզերագնաց Յուրի Գագարինը: Խոսքը ԶԻԼ-111Վ մակնիշի մեքենայի մասին է, որով Գագարինն ուղևորվել է Կրեմլ, երբ վերադարձել է տիեզերքից: ԶԻԼ-111Վ ավտոմեքենան եզակի մոդել է, թողարկվել է 12 օրինակ: Այդ մեքենաներից մեկը սովետական իշխանությունը նվիրել է Ֆիդել Կաստրոյին: Յուրի Գագարինը ԶԻԼ-111Վ ավտոմեքենայով երթևեկել է միայն մեկ անգամ` 1961թ. ապրիլի 14-ին:
Այդ օրվանից հետո կաբրիոլետը երբևէ չեն ներկել և չեն փոխել անվադողերը: Ավելի քան կես դարում մեքենայի վազքը կազմել է 35 հազար կմ: Այդ ընթացքում մեքենան կանգնած է եղել Հայաստանում` հատուկ նշանակության ավտոտնակներից մեկում, որտեղ տեղափոխվել է Իրանի շահին դիմավորելու համար: Ավտոմեքենայի աճուրդը տեղի կունենա փետրվարի 15-ին Մոսկվայի «Հին ժամանակ» ավտոսալոնում: