Մարտի 2-ին վերջին մեկուկես տարում երրորդ անգամ արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու Իսրայելում: «Բիբի՞ն, թե՞ Բենին կդառնան Իսրայելի վարչապետ ու նոր կոալիցիոն կառավարությունը կղեկավարեն» հարցին երկու խոշոր` «Լիկուդ» և ձախ կենտրոնամետ «Կախոլ Լավան» կուսակցությունները չկարողացան պատասխանել` նախատեսված ժամկետներում ընդունակ չլինելով կառավարություն ձևավորել:
Եթե այս անգամ էլ նույնը կրկնվի, դժվար է կանխատեսել, թե ինչպիսի փոփոխություններ կարվեն Ընտրական օրենսգրքում, և կհայտարարվի չորրորդ խորհրդարանական ընտրությունների մասին:
Իսրայելը չունի Սահմանադրություն և Սահմանադրական դատարան: Այդ գործառույթը մասնակի կատարում է բարձրագույն դատարանը` ԲԱԳԱՑ-ը: Հունվարի 16-ին երկրի ԿԸՀ-ն ավարտեց կուսակցությունների ու բլոկների գրանցումը. մարտի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 30 մեծ ու փոքր կուսակցություն ու դաշինք:
Հայկական համայնքի աջակցությունը վայելող «Մերեց» կուսակցությունը նախորդ գումարման Կնեսետում հանդես էր գալիս «Դեմոկրատական ճամբար» բլոկում: Այս անգամ նրանք այլ դաշինքում են, որի կազմում գրանցվել է 5 պատգամավոր: ՊՆ նախկին նախարար Ավիգդոր Լիբերմանի «Իսրայել Բեյտեյնու» կուսակցությունը 10 պատգամավորական մանդատի հավակնություն ունի: Երբ երկրում բարձրանում են հարկերն, ու աշխատավարձը մնում է նույնը, մեկուկես տարի քաղաքական ճգնաժամի ու կառավարություն չունենալու պայմաններում մարդիկ ինչ մասնակցություն կունենան արտահերթ ընտրություններում, դժվար է ասել: