Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ըստ միջազգային դիտորդների, Ադրբեջանում ընտրություններ չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին

Ըստ միջազգային դիտորդների, Ադրբեջանում ընտրություններ չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին
11.02.2020 | 02:14

Լցոնումների, բազմակի քվեարկությունների, անկախ դիտորդների նկատմամբ ճնշումների ուղեկցությամբ կիրակի օրը Ադրբեջանում կայացած խորհրդարանական արտահերթ ընտրությունները ավարտվեցին իշխող ընտանիքի հերթական հաղթանակով: Նախնական արդյունքների համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցությունը նոր գումարման Միլի մեջլիսում առնվազն 71 պատգամավոր կունենա՝ հայտնում է ԿԸՀ-ն: Մեծամասնական ընտրակարգով անցկացված ընտրությունների մի շարք ընտրատարածքներում հաջողության են հասել նաև անկախ թեկնածուներ, որոնց մեծ մասը, սակայն, ոչ միայն սերտ կապեր ունի իշխող կուսակցության հետ, այլև բացահայտորեն աջակցում էր «Ենի Ազերբայջանի» նախընտրական ծրագրին: Մանդատ կունենան երկու ընդդիմադիր գործիչներ՝ Էրքին Գադիրլին եւ Վուգար Բայրամովը: Ընտրություններին մասնակցում էր 1314 թեկնածու երկու տասնյակ քաղաքական ուժերից:


Բաքուն անցած շաբաթներին հավաստիացնում էր, որ ընտրությունները կլինեն թափանցիկ և ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Ադրբեջանի ընդդիմությունը, սակայն, պնդում է, թե ընտրությունները համատարած կեղծվել են: Այս ընտրությունները հիմնականում բոյկոտած ընդդիմադիր ուժերը կոչ են արել աջակիցներին փետրվարի 16-ին դուրս գալ փողոց` ընդդեմ քվեարկության կեղծված արդյունքների: «29 ընտրատեղամասերում եղել են ոստիկանական ռեյդեր, ինչին ականատես են եղել ԵԱՀԿ-ի, ԱՄՆ-ի դեսպանատան և այլ երկրների ու միջազգային կազմակերպությունների դիտորդները», - հայտարարել է նորաստեղծ «Ումիդ» ընդդիմադիր ուժի ղեկավար Իգբալ Աղազադեն: «Խոսում էին թափանցիկ ընտրությունների մասին, ստացվել է թափանցիկ կեղծարարություն»՝ հայտարարել է Ադրբեջանի ազգային ճակատ կուսակցության նախագահ Ալի Քերեմլին:


ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակը (ԺՀՄԻԳ), ինչպես հայտարարել է դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Գերասիմովը, նույնպես արձանագրել է, որ ընտրությունները անցկացվել են խախտումներով, ոչ թափանցիկ և ոչ ժողովրդավար. «Ընտրողները չունեին ընտրության լայն հնարավորություն, քանի որ երկրում կա իրական քաղաքական քննարկումների պակաս, քվեարկության ընթացքում արձանագրվել են ընտրողների, թեկնածուների վրա ճնշումների դեպքեր, չկար իրական մրցակցություն»: «Ընտրությունները չեն համապատասխանել եվրոպական ժողովրդավարության չափանիշներին և դրանք չի կարելի համարել բնակչության ազատ կամարտահայտություն», - հայտարարել են ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ի, ԵԽԽՎ-ի և ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելությունների ղեկավարները:


Միջազգային ու տեղական դիտորդները, տեղական անկախ մամուլը, սոցիալական ցանցերում տարածված տեղեկությունները փաստում են, որ ընդունված ընտրական պրակտիկան պահպանվել է՝ լցոնումներ, բազմակի քվեարկության, անկախ դիտորդների աշխատանքը խոչընդոտելու դեպքեր, բռնություններ լրագրողների նկատմամբ:
Ժողովրդավարական նախաձեռնությունների ինստիտուտի ղեկավար Հաքիֆ Ղուրբանովը «Ազատության» ադրբեջանական ծառայության հետ զրույցում նշել է, որ աննախադեպ էին հատկապես անկախ դիտորդների նկատմամբ ճնշումները. «Նրանց չէին թույլատրում հարցեր տալ, շփվել մարդկանց հետ... Նախորդ ընտրությունների համեմատ, այս անգամ ճնշումները ավելի ուժեղ էին և կրում էին զանգվածային բնույթ»:
Բռնության ենթարկված անկախ դիտորդներից մեկը՝ Ժալյա Բայրամովան պատմել է, որ Լենքորանի ընտրատեղամասերից մեկում անծանոթ կինը հարձակվել է իր վրա, մազերից քաշել և ճանկռոտել դեմքը՝ փորձելով կանխել քվեարկության ընթացքի նկարահանումը: ԿԸՀ-ն հակադարձում է, թե որոշ խախտումներ եղել են, սակայն համատարած բնույթ չեն կրել, և յուրաքանչյուր նմանօրինակ դեպք հետաքննվում է։


Կիրակնօրյա քվեարկությունը նաև աչքի է ընկել ադրբեջանցի ընտրողների պասիվությամբ: Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների 47 տոկոսը՝ 8 տոկոսով պակաս նախորդ խորհրդարանական ընտրություններից:

Դիտվել է՝ 389

Մեկնաբանություններ