Գերմանիայի իշխող կուսակցության` Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահ Աննեգրետ Քրամփ-Կարենբաուերը հաջորդ տարի կայանալիք Բունդեստագի ընտրություններում չի պայքարի դաշնային կանցլերի պաշտոնի համար՝ լրատվամիջոցներին են հաղորդել իշխող կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները: 57-ամյա Քրամփ-Կարենբաուերը վայելում էր դաշնային կանցլեր Անգելա Մերկելի անվերապահ աջակցությունը և դիտարկվում էր կանցլերի ամենահավանական թեկնածու: Լրատվամիջոցների պնդմամբ՝ Քրամփ-Կարենբաուերը Մերկելին կանցլերի պաշտոնում փոխարինելու համար պայքարից հրաժարվել է կուսակցության ներսում դժգոհությունների պատճառով:
Քրամփ-Կարենբաուերին քննադատում են կուսակցական կարգապահության ցածր մակարդակի պատճառով: Քրիստոնեա- դեմոկրատների առաջնորդը չէր կարողացել կանխել Թյուրինգիա երկրամասում ծագած քաղաքական ճգնաժամը, որտեղ աջերն ու ազատականները փորձել էին դաշինք կազմել «Այլընտրանք Գերմանիայի համար» ազգայնական կուսակցության հետ: