ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը, արձագանքելով իրեն առաջադրված մեղադրանքին, ասել է, որ մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ ԱԺ-ում 2018-ի մարտին տեղի է ունեցել ենթադրյալ ապօրինություն։
Ըստ նրա՝ նման պնդում կատարողները պարզապես չեն տիրապետում գործի մանրամասներին և իրավական հիմքերին՝ տեղեկացնում է «Փաստինֆո»-ն: «ՍԴ նախագահի ընտրության ամենաառանցքային հարցը և որոշիչ օրերը, այդ թվում ըստ քրեական գործի նյութերի, հանդիսանում են մարտի 5-ը, երբ հրապարակվել է Գագիկ Հարությունյանի հրաժարականը և մարտի 12-ը, երբ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 7-օրյա ժամկետի պահպանմամբ հայտարարություն է տարածվել Գագիկ Հարությունյանի լիազորությունների դադարեցման վերաբերյալ։
Սահմանադրության և կանոնակարգ օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացվել է ՍԴ նախագահի թեկնածու։ ԱԺ նախագահի պարտականությունն է ապահովել ԱԺ բնականոն գործունեությունը, ինչն իրականացվում է պատգամավորների և աշխատակազմի գործունեության միջոցով։ Նրանք մշակելով համապատասխան փաստաթղթերը, ղեկավարվելով վերաբերելի օրենքով, տրամադրել են ինձ ՍԴ նախագահի հրաժարականի և հետագա գործընթացի վերաբերյալ հայտարարությունները ստորագրության, ինչը և ես արել եմ։ Ես երբեք ինձ թույլ չեմ տվել միջամտել ԱԺ աշխատակազմի գործունեության կամ որևէ այլ կերպ ուղղորդել իրենց։ Ավելին, այդ պրոֆեսիոնալ աշխատակիցների իրավական ապահովման վրա որևէ կասկած չեն ունեցել և հիմնվել են ԱԺ նիստին մասնակցած բոլոր 94 պատգամավորները։ Որևէ մեկ պատգամավոր, նույնիսկ այն պատգամավորները, ովքեր դեմ են քվեարկել, չեն հայտնել առարկություն կամ հանդես եկել նախաձեռնությամբ ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթների վերաբերյալ կամ կասկածի տակ են դրել գործընթացի օրինականությունը։
Ես որպես այդ նիստին մասնակցած պատգամավորներից մեկը, հավասար մյուս 93 պատգամավորների հետ, մասնակցել եմ այդ քվեարկությանը։ Իմ բոլոր գործողությունները եղել են բացառապես Սահմանադրության և օրենքին համապատասխան և այս քրեական գործը համարում եմ ապօրինի»,- նշել է Արա Բաբլոյանը։