Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռոբերտ Քոչարյան. Մեզ չտրամադրվող նյութերում կան բավարար ապացույցներ 10 սպանությունները բացահայտելու համար

Ռոբերտ Քոչարյան. Մեզ չտրամադրվող նյութերում կան բավարար ապացույցներ 10 սպանությունները բացահայտելու համար
12.02.2020 | 00:00

Խտրական վերաբերմունք է գործի նկատմամբ, նյութերն ամբողջությամբ չեն տրամադրվել մեզ, ընտրովի մոտեցում է քրեական գործին կցվելիք նյութերի բովանդակության տեսանկյունից, այստեղ ասելիք ունեմ՝ դատական նիստին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

«Եթե այս քր. գործը շենքի հետ համեմատենք, ապա գործը սկսել են գլխից՝ սկզբից մեղավոր է նշանակվել, հետո ընտրել են հոդվածը և դրանից հետո ամբողջ նյութերից փորձել են հանել, քրեական գործի մեջ ներառել միայն այն նյութերը, որոնք իրենց կարծիքով ինչ-որ ապացուցողական բազա են ձևավորել»,- հայտարարեց Քոչարյանը:
Իսկ թե ինչու՞ է այդ կարծիքին, Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ ծանոթ է քրեական գործին: «Ամբողջ քրեական գործում ընդամենը կա երկու նամակ ԱԱԾ-ից: Ստացվում է՝ մեր ամենակայացած կառույցներից մեկը որևէ վերաբերմունք, որևէ նյութ չունի այս իրադարձությունների վերաբերյալ: Հնարավո՞ր է դրան հավատալ այն պարագայում, երբ փետրվարի 24-ին հարուցված այդ քրեական գործը՝ սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, և միայն այս քր. գործում կա որոշում քրեական գործ հարուցելու մասին»,- ասաց նա: Նա նշեց, որ ԱԱԾ-ի երկրորդ նամակն այն է, որ գործի այդ երեք հատորն ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն մարտի 2-ին: «Հնարավո՞ր է հավատալ, որ ԱԱԾ-ն որևէ դերակատարություն չունի, որևէ տեղեկատվության չի տիրապետել այդ ողջ ընթացքում: Հնարավոր չէ հավատալ, կամ մարդ պետք է շատ տկար ուղեղի տեր լինի, որ հավատա, որ դա այդպես է: Մենք բազմիցս դիմել ենք, որպեսզի մեզ տրամադրեն ամբողջ նյութերը:

Վստահեցնում եմ՝ գիտեմ ինչի մասին եմ խոսում, որովհետև այն ժամանակ ես նախագահ եմ եղել և շաբաթը մեկ անգամ անվտանգության ծառայության պետը, բարձր կարգի արհեստավարժ մարդ էր, որը զեկուցում էր ինձ: Ես գիտեի՝ ինչ է նա զեկուցում, ես այդ զեկույցներից որևէ նյութ այս քրեական գործում չեմ տեսել, չկան: Ես չեմ կասկածում, որ այդ նյութերը կան այն 600 էջում, որոնք առանձնացված են կամ այսօր ԱԱԾ-ում են, բայց որոնք չեն տրամադրվել այս քրեական գործի համար»,- հայտարարեց Ռոբերտ Քոչարյանը:
Ըստ նրա՝ զավեշտալին այն է, որ «Վիկիլիքսի» նյութերը կարդալուց տպավորություն է ստեղծվում, որ ԱՄՆ-ի դեսպանատունը շատ ավելի ինֆորմացիա ունի ՀՀ ներքաղաքական իրադարձությունների մասին, քան մեր ԱԱԾ-ն: «Ինչ այնտեղից ստացվում էր, այդ ամենն այն ժամանակ զեկուցվում էր ինձ: Քրեական գործում այդ մասին ոչինչ բացարձակ չկա, զրո տեղեկություն: Առաջին անգամ չէ, որ դա բարձրաձայնում ենք, քննիչներին մենք դրա մասին անընդհատ ասում ենք, նույնիսկ մեզ չեն տրամադրել այդ 750 էջը: Հիմնավոր կասկած ունեմ, որ այդ 600 հատորում կան բավարար նյութեր 10 սպանությունը բացահայտելու համար, ես ենթադրում եմ, ունեմ ողջամիտ կասկած մտածելու, որ կան բավարար նյութեր, ուղղակի չեն ուզում դա անել,- նշեց նա: -Պատճառներից մեկը կարող է այն լինել, որ չեն ուզում, որովհետև դա կարող է մեկ ուրիշ տեղ տանել, ինչը կհակասի այս քրեական գործի ուղղվածությանը և երկրորդը ներկայացնելու դեպքում հարցեր կառաջանան՝ արդյո՞ք տուժողներն այս նիստին պետք է մասնակցեն, թե ոչ: Այդ երկու մոտիվացիան ինձ համար ակնհայտ է»: Նրա խոսքով՝ ամբողջական նյութերը չտրամադրելը ողջամիտ կասկածներ է առաջացնում, որոնք շատ ավելի խորքային են, որով կարող են գործի ամբողջական բացահայտման համար էական դերակատարություն ունենալ, բայց չեն տրամադրվում դիտավորությամբ: Քոչարյանը, դիմելով դատավոր Աննա Դանիբեկյանին, նշեց, որ կցանկանար այս ամենը հաշվի առներ: «Հասկանում եմ նաև, որ Դուք անձամբ բավական դժվար կացության մեջ եք՝ հաշվի առնելով դատավոր Դավիթ Գրիգորյանի ճակատագիրը»,- ասաց նա: Դատավորն էլ արձագանքեց. «Պարոն Քոչարյան, ներկայացրեք Ձեր դիրքորոշումը ըստ էության»: Սրան ի պատասխան՝ Քոչարյանն ասաց. «Շատ ցավոտ եք տանում՝ նման զուգահեռները, Դուք ձեզ ինքներդ չեք հետևում, մենք հետևում ենք և տեսնում, որ սա այն ցավոտ կետն է, որի հիշատակման պարագայում ինչպիսի ռեակցիա եք տալիս, այս բանը պետք է հաղթահարեք Ձեր մեջ»:


«Եթե որևէ բան միջնորդության մասին չունեք ավելացնելու՝ դատարանը կսահմանափակի Ձեր ելույթը»,- ասաց դատավորը: Քոչարյանը ճշտեց՝ արդե՞ն սահմանափակել է, թե՞ կարող է շարունակել:
Դատավորն ասաց, որ կարող է, իսկ Քոչարյանն արձագանքեց. «Շնորհակալություն, բայց, այնուամենայնիվ, որոշում եմ չշարունակել, որովհետև տեսնում եմ, որ դա Ձեզ մի քիչ նյարդայնացնում է»:

Դիտվել է՝ 699

Մեկնաբանություններ