Խելամիտ չեմ համարում Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, որ մտահոգություն ունի, թե նախաքննության փուլում գտնվող գործով ապացույցներ կան, որոնք վերաբերում են սպանությունը կատարողներին և դրանք դիտավորյալ չեն հրապարակվում՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով հերթական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց դատախազ Գևորգ Բաղդասարյանը: Լրագրողները նշեցին՝ դատախազը հայտարարել է, որ իրեն հայտնի չէ, թե ինչու են դատախազները որոշել, որ նոր հանցակազմ է սահմանվում 300.1 հոդվածով, իսկ դրան արձագանքելով՝ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը նշել է, որ գուցե դատախազները միտումնավոր հրաժարվել են առանձնապես ծանր հանցագործության մեղադրանքից, ապա հետաքրքրվեցին՝ քննություն տարվե՞լ է, կամ դատախազները հարցաքննվե՞լ են գործի շրջանակներում՝ պարզելու համար, թե ինչո՞ւ են հրաժարվել այդ մեղադրանքից:
Բաղդասարյանն ընդգծեց՝ դատախազները գործի շրջանակներում չէին կարող հարցաքննվել, որովհետև քննվող քրեական գործն այլ դեպքի առթիվ է: «Մենք գործ ունենք իրավական նորմի տարբեր մեկնաբանությունների հետ, ընդ որում՝ մեկնաբանությունների, որոնցից մեկը պնդում ենք մենք, մյուսը՝ պաշտպանական կողմը, և դատարանը պետք է դրան գնահատական տա: Շատ պարզ է, նախկինում մեղադրանքից հրաժարվելու հիմքում դրվել է մոտեցում, որ ՔՕ 300.1 հոդվածով նախատեսվել է նոր հանցագործություն: Մենք գտնում ենք, որ նույն հանցագործությունը նախատեսված է եղել նաև նախկինում»,-ասաց դատախազը:
Ինչ վերաբերում է իր հայտարարությանը, թե հասկանալի չի համարում՝ ինչո՞ւ են դատախազները հրաժարվել 300 հոդվածից, Բաղդասարյանն արձագանքեց.
«Հասկանալի չէ ոչ թե այն պատճառաբանությունը, թե ինչու են հրաժարվել, այլ թե ինչո՞ւ են գտնում, որ դրանով նախատեսվել է նոր հանցագործություն: Մենք գործ ունենք ընդամենը նախատեսված առանձին հանցագործության հետ: Սահմանադրական կարգը բռնությամբ տապալելը նախկինում նախատեսված էր պետական իշխանությունը յուրացնելու մեջ, հիմա առանձնացվել է որպես ինքնուրույն հանցագործություն»,-ասաց նա:
Հարցին՝ նախկինում, երբ հանցակազմի բացակայության հիմքով 300 հոդվածը հանվեց, որոշումը չի՞ կարող նախադեպ լինել հետագայի համար, Բաղդասարյանը պատասխանեց, թե դատախազի կողմից մեղադրանքից հրաժարվելը կոնկրետ նորովի իրավամեկնաբանությամբ նախադեպային նշանակություն չի կարող ունենալ:
«Մեղադրանքներից հրաժարվելուց հետո այլ իրավական հետևանքներ չեն կարող առաջանալ, այլ բողոքարկում, վիճարկում չի կարող լինել, որովհետև մեղադրանքից հրաժարվելը միանշանակ հանգեցնում է արդարացման դատավճիռ կայացնելու, բայց մի շեշտադրում. երբ անընդհատ խոսում ենք նախկինում մեղադրանքից հրաժարվելու հիմքում դրված պատճառաբանության հետ համաձայն չլինելու մասին, տպավորություն է, թե մենք հայտարարում ենք, թե նախկինում դատախազներն ապօրինություն են արել: Նախկինում դատախազները հրաժարվել են անձանց մեղադրանքից, որոնց արարքի նկարագրությունն այլ է եղել: Պետք չէ դրանից հետևություն անել, թե մեղադրանքից հրաժարումն ապօրինի է եղել»,-ասաց դատախազը՝ նշելով, թե նախկինում անձինք մեղադրվել են մի արարքի համար, հիմա մեղադրվում են այլ արարքի համար:
Հարցին՝ եթե Բաղդասարյանը 2008-ին դատախազ լիներ, ի՞նչ հոդվածով մեղադրանք կառաջադրեր, պատասխանեց՝ 300 հոդվածով, քանի դեռ չի եղել 300.1 հոդվածը: