ՆԱՏՕ-ն խորապես մտահոգված է Իդլիբում սիրիական բանակի հարձակման առնչությամբ և կոչ է անում Դամասկոսին դադարեցնել գործողությունը՝ փետրվարի 11-ին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել դաշինքի պաշտանության նախարարների՝ փետրվարի 12-13-ին կայանալիք հանդիպման նախաշեմին:
«Մենք տեսնում ենք, որ մարտական գործողություններն ընթանում են առանց խտրության, մենք խորապես անհանգստացած ենք և դատապարտում ենք դա: Ուստի մենք կոչ ենք անում Բաշար Ասադի ռեժիմին և Ռուսաստանին, որը աջակցություն է ցուցաբերում Ասադին, դադարեցնել հարձակումը»,-ասել է նա: Գլխավոր քարտուղարի խոսքով՝ սպասվում է, որ ՆԱՏՕ-ի երկրների պաշտպանության նախարարները կքննարկեն Սիրիայի իրադրությունը: «Ասադի ռեժիմը պետք է դադարեցնի այդ սարսափազդու հարձակումներն Իդլիբի խաղաղ բնակչության վրա»,-հավելել է նա: