Սահմանադրական դատարանի կազմի վերաբերյալ այն հիմնավորումները, որոնք բերվում են, ընդամենը գեղեցիկ բառախաղ են, բայց դրանց տակ բովանդակությունը զրո է՝ ասել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով իշխանությունների այն հիմնավորումներին, որ ՍԴ նախագահը խախտումով է ընտրվել նախորդ գումարման ԱԺ կողմից:
«Փաշինյանի հիմնավորումներին անդրադառնալով՝ կասեմ, որ մենք գործ ունենք բառախաղի հետ: Եթե որևէ մեկը կարծում է, որ դատավորները պետք է նշանակվեին Սահմանադրությունն ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, դա կնշանակեր չբալանսավորված ՍԴ: Ավելին, ուզում եմ հիշեցնել, որ այն պահին, երբ Սահմանադրությունն ընդունվում էր, մեծամասնությունը խորհրդարանում Հայաստանի հանրապետական կուսակցությունն էր: Իսկ Սահմանադրական դատարանում կան դատավորներ, որոնք դեռևս նշանակված են եղել առաջին նախագահի ժամանակ, երկրորդ նախագահի ժամանակ: Եվ եթե մենք կարծեինք, որ սկզբունքորեն տեսական առումով կարելի է այդ ուղղությամբ գնալ, միգուցե լիներ հակառակ գայթակղությունը՝ գրել Սահմանադրության մեջ, որ բոլոր դատավորներին պետք է զրոյից նշանակել: Չէ՞ որ դա հնարավորություն կընձեռեր ՀՀԿ-ին, որը մեծամասնություն էր, դե ֆակտո ունենալ ՀՀԿ կողմից նշանակված ՍԴ դատավոր: Բայց չգնացինք այդ ճանապարհով, որովհետև անթույլատրելի է: Եվ ինչքան էլ մեծ լինի քաղաքական գայթակղությունը, չի կարելի գնալ նման հակասահմանադրական ճանապարհով»,- ասաց նա: Ըստ Դավիթ Հարությունյանի՝ այն ճանապարհը, որը նախկինում ընտրվել էր, շատ ավելի խելամիտ ճանապարհ էր՝ ապահովել ՍԴ բալանսավորված լինելու սկզբունքը:
Նա անդրադարձավ նաև հարցին՝ ինչպե՞ս եղավ, որ Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ նախագահ: «Նախքան նախագահ ընտրվելը մենք պետք է անդրադառնանք այլ հարցի՝ իսկ ինչպե՞ս եղավ, որ Հրայր Թովմասյանը դարձավ ՍԴ անդամ, իսկ նոր տերմինաբանությամբ՝ դատավոր: Արդյոք ինչ-որ արհեստական բան տեղի ունեցա՞վ»,- հարցադրում արեց նա: Ըստ Հարությունյանի՝ պատճառն այն չէր, որ Գագիկ Հարությունյանը վաղաժամ հրաժարական էր տվել այդ պաշտոնից: Խնդիրը վերաբերում է ՍԴ գործող անդամի պաշտոնավարման ժամկետի լրացմանը:
«Երբ ՍԴ անդամի հերթական պաշտոնավարման ժամկետը լրացավ, պետք առաջանար թափուր տեղ: Սակայն ՍԴ մասին օրենքն ասում էր՝ եթե այդ մարդը գործով զեկուցող է, ապա նրա պաշտոնավարումը շարունակվում է այնքան ժամանակ, քանի դեռ ՍԴ-ն չի ավարտել այդ հարցի լսումները: Խոսքը Կիմ Բալայանի մասին է: Եվ Կիմ Բալայանի պաշտոնավարման ժամկետը լրացել էր շատ ավելի վաղ, քան այն ժամանակաշրջանը, երբ ՍԴ անդամ ընտրվեց Հրայր Թովմասյանը: Եվ եթե ավելի վաղ ավարտվեր, ապա մենք այդ ժամանակ կառաջադրեինք ՍԴ նոր անդամ:
Այնպես որ, ՍԴ անդամ ընտրվելու ժամկետը բացարձակ կապ չունի որևէ արհեստական գործընթացի հետ: Կիմ Բալայանի ծննդյան վկայականը ոչ մեկ չի փոխել և տարիքն առաջ չի գցել: Երբ Հրայր Թովմասյանն ընտրվեց ՍԴ անդամ, ՍԴ նախագահ էր Գագիկ Հարությունյանը: Գագիկ Հարությունյանի՝ ՍԴ նախագահի պաշտոնից հրաժարվելու խնդիրը պայմանավորված էր մեկ հանգամանքով՝ նա հավակնում էր Բարձրագույն դատական խորհրդի նախագահ ընտրվելու: Դա է եղել պատճառը, որ նա հրաժարվել է նախագահի պաշտոնից»,- նշեց Դավիթ Հարությունանը: Նա հարցադրում արեց՝ կարելի՞ է այստեղ տեսնել բարդ կոմբինացիա: Միգուցե ցանկության դեպքում՝ կարելի է տեսնել, բայց իրականում որևէ բարդ կոմբինացիա չի եղել: «Ուղղակի եղել է հետևյալը՝ թե ԲԴԽ ձևավորումը, թե համապատասխան գլուխների ուժի մեջ մտնելը պետք է տեղի ունենար միաժամանակ: Մի կարևոր հարց կա՝ բանն այն է, որ ՍԴ նախագահն արդարադատություն իրականացնելիս ոչնչով չի տարբերվում ՍԴ մյուս անդամներից: Նրա դերակատարումը ավելի շատ զուտ կազմակերպչական է ու ներկայացուցչական: Իսկ այն, որ Հրայր Թովմասյանն ընտրվել է ՍԴ դատավոր և դա պայմանավորված է եղել Կիմ Բալայանի ծննդյան ամսաթվով, ես կարծում եմ՝ դա արդեն ակներև է»,- հավելեց նա: