Վիեննայում փետրվարի 11-ին մեկնարկել է Եվրոպայում և միջազգային ու տարածաշրջանային կազմակերպություններում հավատարմագրված ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հավաքը։ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է նման ձևաչափով ավանդական դարձած հավաքները՝ որպես տեղում Հայաստանի արտաքին քաղաքական զարգացումների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի շուրջ մտքերի փոխանակման արդյունավետ հարթակ։ Հանգամանալից անդրադարձ է կատարվել Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին, հայկական դիվանագիտության առջև ծառացած մարտահրավերներին և դրանց հասցեագրման ուղղությամբ իրականացվող քայլերին:
Քննարկման օրակարգում էին միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի ներգրավվածության ընդլայնման, գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանն ուղղված քայլերին առնչվող հարցերի լայն շրջանակ։