Դրված է մի գերխնդիր՝ ունենալ հլու-հնազանդ Սահմանադրական դատարան: Եվ այդ գերխնդրի լուծման փորձերը ստիպում են մարդկանց անել հապճեպ ու չմտածված քայլեր, որոնք դեռ շատ լուրջ խնդիրներ կառաջացնեն Հայաստանի համար՝ ասաց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին:
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է եվրոպական կառույցների արձագանքին, եվրոպական կառույցին անդամակցելը ենթադրում է խաղի որոշակի կանոններ, որը երկիրը կամովին է ստանձնել: Եվ այդ խաղի կանոնները չպահպանելն այս կառույցներում սասանելու է Հայաստանի հեղինակությունը:
«Բայց ես կարծում եմ՝ ամենալուրջ խնդիրը դա չէ: Իհարկե, պետք է շատ կարևորենք եվրոպական կառույցների կարծիքը, բայց եթե մենք գնում ենք հակասահմանադրական ճանապարհով, դա շատ ավելի կարևոր է մեզ համար, մեր ապագայի համար, քան ուղղակի մեր դիրքերի թուլացումը եվրոպական կառույցներում: Պետք է գիտակցենք, որ սա մեր խնդիրն է: Եվ եթե մենք գնում ենք մի ճանապարհով, որը հակասահմանադրական ճանապարհ է, սա հղի է այնքան վտանգներով, որ մենք այսօր կարող ենք անգամ չգիտակցել»,- ասաց Դավիթ Հարությունյանը: Ըստ նրա՝ եթե այս հանրաքվեն ունենա այն արդյունքը, որ ՍԴ դատավորները պետք է դադարեցնեն իրենց պաշտոնավարումը, մենք տասնամյակներ դեռ ճաշակելու ենք դրա բացասական հետևանքը: Ինչո՞ւ, որովհետև 12 տարով են նոր դատավորները նշանակվում, և ուղիղ 12 տարի հետո խորհրդարանական մեծամասնությունը դարձյալ կփոխի ամբողջ դատարանի կազմը, կհայտնվեն 12 նոր դատավորներ՝ ընտրված դարձյալ այդ օրվա քաղաքական մեծամասնության կողմից:
«Դուք աշխարհում չեք գտնի մի դատարան, որի կազմն ամբողջովին միանգամից փոխվում է: Չեք գտնի, որովհետև դա ոչ միայն ստեղծում է անկայունություն, այլ դատական իշխանության առանձնահատկությունը հենց դա է, որ անդամները փոխվում են ժամանակի ընթացքում, նրանք երբևէ միանգամից չեն նշանակվում, որպեսզի կարողանան ապահովել բալանսավորում»,- հավելեց Դավիթ Հարությունյանը:
Նա նշեց, որ սա հանցագործություն է հայ ժողովրդի ու պետականության դեմ, հակասահմանադրական գործընթաց է: Հետևաբար դրանից ելնելով՝ ինքը «Այո»-ի կամ «Ոչ»-ի քարոզչությանը չի մասնակցի, որովհետև չի կարող մասնակցել հանցագործությանը:
«Սա հակասահմանադրական է ոչ միայն այն պատճառով, որ չկա ՍԴ եզրակացությունը: Մենք կարող ենք հակասահմանադրական խնդիրները բաժանել երկու մեծ խմբի: Խումբ առաջին՝ դրանք ընթացակարգային են: Այո, չկա ՍԴ եզրակացությունը, սա արդեն Սահմանադրության լուրջ խախտում է: Բայց նաև կա երկրորդ խախտումը՝ այս նախագիծը չի համարվում ԱԺ կողմից չընդունված նախագիծ: Բանն այն է, որ փորձ է արվել կարծես թե կենցաղային իմաստ դնել ԱԺ կողմից չընդունել հասկացության մեջ: Ընդունե՞ց այս նախագիծը ԱԺ-ն, թե՞ ոչ: Կենցաղային առումով՝ ոչ, հետ տվեց: ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ սահմանում է հինգ փուլեր, որոնք պետք է անցնի նախագիծը, որպեսզի համարվի չընդունված: Այն պետք է քվեարկվի առաջին ընթերցմամբ, ընդունվի 2/3-րդ ձայներով, այն պետք է քննարկվի երկրորդ ընթերցմամբ, բայց չքվեարկվի: Դրանից հետո պետք է քվեարկվի ՍԴ դատարան դիմելու հարցը, հետո հարցը պետք է գնա ՍԴ, ստացվի ՍԴ դրական եզրակացությունը: Հարցը պետք է քվեարկվի երկրորդ ընթերցմամբ և չհավաքի 2/3-րդ ձայներ: Միայն այս հինգ փուլերից հետո և այս հաջորդականությունից հետո նախագիծը կարող է համարվել ԱԺ կողմից չընդունված: Մյուս բոլոր դեպքերում ԱԺ կանոնակարգ օրենքը հստակ նշում է՝ նախագիծը հանվում է շրջանառությունից, այն այլևս գոյություն չունի»,- մանրամասնեց Դավիթ Հարությունյանը: