Անցած գիշերվա կեսին Ադրբեջանի ոստիկանությունն ազատ է արձակել ընտրակեղծիքների դեմ բողոքող ավելի քան երկու տասնյակ ակտիվիստներին ու անկախ թեկնածուներին: Ավտոբուսով նրանց տարել են Բաքվի ծայրամաս ու այնտեղ բաց թողել:
Նրանցից մի քանիսը բռնությունների հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել: «Մուսավաթ» կուսակցության ակտիվիստներից մեկը բժիշկների պահանջով տեղափոխվել է հիվանդանոց: Մի շարք տուժածներ ևս հիվանդանոցներում զննություն են անցնում: Երեկ երեկոյան, ծածկոցներով փաթաթված, նրանք նստացույց էին սկսել ԿԸՀ-ի մոտ՝ բողոքելով
ընտրությունների խախտումների ու կեղծիքների դեմ: Ոստիկանությունը ուժ կիրառելով նրանց բերման էր ենթարկել: Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակը «Թուրան» գործակալությանն ասել է, թե ոստիկանությունը ցրել է ակցիան, քանի որ արտոնված չէր: