Վարչապետի եռօրյա աշխատանքային այցով մեկնել է Գերմանիա: Նիկոլ Փաշինյանի առաջին կանգառը Բեռլինն է, որտեղ նրան կընդունի կանցլեր Անգելա Մերկելը: Հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Մերկելը լրատվամիջոցների առջև հանդես կգան հայտարարություններով: Բեռլինում նախատեսված է հանդիպում Բունդեստագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ։ Վարչապետը կայցելի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի գրասենյակ, հանդես կգա ելույթով: Բեռլինից Փաշինյանը մեկնելու է Մյունխեն` մասնակցելու Անվտանգության միջազգային ամենամյա համաժողովին:
Այս անգամ Մյունխենում են լինելու ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, Ավստրիայի կանցլերը, ՌԴ, Իրանի ԱԳ նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը: Փաշինյանը մի շարք հանդիպումներ է ունենալու: Մյունխենում է նաև Ադրբեջանի նախագահը: Նիկոլ Փաշինյանը վերջին ասուլիսում չբացառեց, որ Անվտանգության համաժողովի շրջանակում շփում, զրույց կունենա Իլհամ Ալիևի հետ` օգտակար համարելով թեկուզ կարճ հանդիպումները: