Կառավարության նիստում ընդունվեց վարչապետի աշխատակազմի մշակած նախագիծը, որով ԱԺ ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքներն ընդհանուր 103 միլիոն 725 հազար դրամի աջակցություն կստանան: Նախագիծը ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը: 2018թ. դեկտեմբերի 9-ի ընտրությունների արդյունքում 3% շեմը հաղթահարել էին «Իմ քայլը» դաշինքը, ԲՀԿ-ն, ԼՀԿ-ն, ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն: «Իմ քայլը» կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9 միլիոն 150 000 դրամ, ԼՀԿ-ն՝ 7 միլիոն 56 000 դրամ, ՀՀԿ-ն՝ 5 միլիոն 208 000 դրամ, իսկ ՀՅԴ-ն՝ 4 միլիոն 303000 դրամ:
«Անցել են այն ժամանակները, որ կուսակցական գործունեությունը, որևէ վատ երևույթի հետ էր կապվում, և կարծում եմ, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխություններով, մենք պետք է հնարավորինս խթանենք, որպեսզի երիտասարդները ցանկություն և շահագրգռվածություն ունենան զբաղվելու կուսակցական, քաղաքական գործունեությամբ»,-ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ ընդգծելով, որ քաղաքական կայունության և մեր պետականության համար, մանավանդ պառլամենտական այս կարգում, շատ կարևոր է, որ հայաստանյան կուսակցությունները կայանան, զարգանան և շարունակաբար իրենց գործունեությունն ավելի բարձր մակարդակի հասցնեն: