Արցախի Հանրապետության օդանավակայանի հետ կապված ինչ քննարկումներ կան՝ ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանից: «Շատ կարևոր է, որ Արցախի օդանավակայանը աշխատի, քանի որ պատերազմի ժամանակ աշխատել է, մենք էլ բազմիցս թռել ենք»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Տաթևիկ Ռևազյանը պատասխանեց, որ Կոմիտեում շատ քննարկումներ են ունեցել այս հարցի շուրջ, որովհետև ուզում են լուծում գտնել, քանի որ բոլորի համար կարևոր է. «Փաստն այն է, որ Ադրբեջանը միջազգային ատյաններում իր լծակներով փակել է Արցախի օդային սահմանը, և մենք՝ որպես Քաղավիացիայի կոմիտե, իրավունք չունենք թույլտվություն տալու թռիչքներ դեպի Արցախ: Դա ամբողջությամբ քաղաքական խնդիր է, որ մեր մակարդակով չի կարող լուծվել»,-ասաց նա: Սասուն Միքայելյանը հետաքրքրվեց, թե Հայաստանը միջազգային ասպարեզում քննարկումներ անում է, որևէ տեսլական կա՞, որ հետագայում կամ որոշ ժամանակ անց աշխատի: Տաթևիկ Ռևազյանը պատասխանեց. «Քաղավիացիայի կոմիտեի մակարդակում՝ ոչ, բայց ավելի բարձր մակարդակում՝ ճիշտն ասած չեմ լսել, բայց կուսումնասիրեմ, կապի դուրս կգամ ՀՀ ԱԳՆ-ի հետ: Դա մեր մակարդակի լուծում չէ, քաղաքական խնդիր է»,-ասաց նա: