«Ժողովուրդը» գրել է. «Փետրվարի 5-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը խորհրդարանում հանդիպել էր Հայաստանում ԵԱՀԿ և ԵԽ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ՝ քննարկելու ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ առկա իրավիճակը: Սակայն, ըստ էության, նրա հանդիպումն անցել է անարդյունք. ԱԺ նախագահը չի կարողացել փաստարկներ բերել, բացատրել կամ համոզել դեսպաններին: Եվ ԱԺ նախագահի «ձախողումը» հերթական անգամ կոծկելու համար դեսպանների հետ անհրաժեշտ համարեց հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Երեկ էլ նա է կառավարությունում հանդիպել Հայաստանում ԵԱՀԿ անդամ երկրների հավատարմագրված դեսպանների հետ: Եվ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում կրկին անդրադարձ է եղել Սահմանադրական դատարանի վիճակին, և, ինչպես ասված է հաղորդագրությունում, վարչապետը մանրամասն անդրադարձել է Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակին, Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեին, այն անցկացնելու հանգամանքներին:
Եվ ուշագրավ է, որ այս հանդիպմանը խորհրդարանից ներկա են եղել միայն Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն ու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նա «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեկնաբանեց, թե իրենք են հրավիրված եղել այդ հանդիպմանը:
Ստացվում է՝ անգամ Արարատ Միրզոյանը չի հրավիրվել այդ հանդիպմանը: Նկատենք, որ առաջին անգամ չէ՝ երբ քաղաքական օրակարգում են Սահմանադրական դատարանի հետ կապված հարցերը, վարչապետը հանդիպում կամ հեռախոսազրույց է ունենում եվրոպական կողմի հետ։ Փետրվարի 3-ին, հայկական կողմի նախաձեռնությամբ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, ինչին հաջորդեց ԵԽԽՎ համազեկուցողների հայտնի հայտարարությունը։ Եվ այդ անգամ ևս, ըստ էության, բանակցելու բեռն իր ուսերին վերցրեց ՀՀ վարչապետը»։