Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Իլհամ Ալիև. Իդեալական ընտրություններ գոյություն չունեն

Իլհամ Ալիև. Իդեալական ընտրություններ գոյություն չունեն
13.02.2020 | 22:59

«Աշխարհում իդեալական ընտրություններ գոյություն չունեն»՝ Քյուրդամիրի շրջանում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` մեկնաբանելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները և միջազգային կառույցների գնահատականները:

«ԵԱՀԿ Մարդու իրավունքների և ժողովրդավարական հաստատությունների գրասենյակը որպես կանոն բավական կողմնապահ մոտեցում է ցուցաբերում ընտրությունների հանդեպ: Այս անգամ, սակայն, նախկինի համեմատ, նրանց գնահատականները ավելի հավասարակշռված էին և օբյեկտիվ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:
Քվեարկության հաջորդ օրը եվրոպացի դիտորդները նշել էին, որ ընտրությունների գլխավոր թերություններից մեկը մրցակցային պայմանների բացակայությունն էր: Այս մի գնահատականին Իլհամ Ալիևը կտրականապես համաձայն չէ:
«Այս ընտրություններին ավելի քան 1300 թեկնածուներ էին մասնակցում: Դա ռեկորդային ցուցանիշ է: Այդ իրողությունը վկայում է, որ ընտրությունները մրցակցային մթնոլորտում են անցել: Եթե մի ընտրատարածքում 10 թեկնածու է առաջադրված, մի՞թե մրցակցություն չէ: Էլ ինչպիսի՞ն պետք է լիներ մրցակցությունը», - տարակուսում էր Ալիևը՝ մեկ անգամ ևս ընդգծելով, թե ընտրությունները երկրում անց են կացվել առանց խախտումների, իսկ եթե եղել են առանձին չարաշահումներ, մեղավորները պատժվելու են:


Իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունն, ըստ Իլհամ Ալիևի, Միլի մեջլիսում մանդատների ճնշող մեծամասնությանը տիրացավ ոչ թե կեղծիքների, այլ բարձր հեղինակության շնորհիվ: «Մենք ընտրությունները կեղծելու կարիք չունենք: Ամենայն ազնվությամբ պետք է խոստովանեմ՝ մեր վարած քաղաքականությանն այսօր Ադրբեջանում այլընտրանք գոյություն չունի», - հայտարարել է Ալիևը:
Եվրոպացիները նրա լավատեսությունն առանձնապես չեն կիսում:
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ հայտարարեել է, որ Լոնդոնում հիասթափված են, որ փետրվարի 9-ի ընտրությունները չեն համապատասխանել միջազգային ժողովրդավարական չափանիշներին: «Մեզ մտահոգում են ԵԱՀԿ տարածած տեղեկությունները, որոնց համաձայն ընտրություններում սահմանափակումներ կային և էական մրցակցությունը բացակայում էր: Բացի այդ մեզ մտահոգում են այն տեղեկությունները, որ քվեների հաշվարկի ժամանակ թույլ տրված ընթացակարգային խախտումները կասկածի տակ են դնում ընտրությունների վերջնական արդյունքները», - նշված է հայտարարության մեջ:


Ընտրությունները Twitter-ում արված գրառմամբ քննադատել է նաև ԵԽԽՎ Ադրբեջանի հարցով համազեկուցող ավստրիացի Ստեֆան Շենախը:
«Քվեատուփերի լցոնում, լրագրողների ծեծ, համատարած խախտումներ` այս ամենը ինձ լրջորեն մտահոգում են», - գրել է Շենախը՝ հավելելով, որ իր գնահատմամբ ընտրողների մասնակցության ցուցանիշը փետրվարի 9-ի ընտրությունների ժամանակ չի գերազանցել 40 տոկոսը:
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը խստորեն դատապարտել է ընտություններին հաջորդած բողոքի գործողությունների ժամանակ լրագրողների դեմ ոստիկանության բռնության կիրառման փաստերը: «Կոչ եմ անում իշխանություններին հետաքննել այդ միջադեպերը», - նշել է ԵԱՀԿ պաշտոնյան:


Փետրվարի 11-ին Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի լուսաբանման ժամանակ ոստիկանները բռնություն էին կիրառել «Ազատություն» ռադիոկայանի և «Ամերիկայի ձայնի» ադրբեջանական ծառայությունների լրագրողների, ընդդիմադիր Meydan TV կայքի աշխատակիցների նկատմամբ:

Դիտվել է՝ 459

Մեկնաբանություններ