Վարչապետը հանդիպում է ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ, կարևորելով հանդիպումը և նշելով, որ լավ առիթ է քննարկելու ընթացիկ հարցերն ու խնդիրները՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.
«Ինչպես գիտեք, Հայաստանը գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների լայնածավալ գործընթացում, որն արագացավ հատկապես 2018-ի ոչ բռնի, թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո: Շուտով պարզ դարձավ, որ մեր երկրի սահմանադրական համակարգը գրավված էր հեղափոխությունից առաջ. ավելին, ականապատված էր: Եվ հիմա մենք ջանքեր ենք գործադրում ականազերծելու ժողովրդավարությունը և դատական համակարգը Հայաստանում: Ես ուրախ եմ ընթացիկ զարգացումների վերաբերյալ Ձեզ իրազեկելու այս հնարավորության համար, քանի որ վերջերս մենք որոշեցինք հանրաքվե անցկացնել Սահմանադրական դատարանի վերաբերյալ: Ուրախ եմ տեղեկացնել, թե ինչ և ինչու է կատարվում, և թե ինչ կլինի հետո»: ԵԽ գլխավոր քարտուղարը նշել է. «Շնորհակալ եմ այս հնարավորության համար, որը, ինչպես Դուք նշեցիք, շատ կարևոր է ընթացող զարգացումների մասին տեղեկացված լինելու առումով: Մենք արդեն սկսել ենք Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև ինտենսիվ համագործակցությունն անցյալ տարվա մայիսին Եվրոպայի խորհրդի բարձր մակարդակի աշխատանքային խմբի այցից հետո: Ես գիտեմ, որ Դուք ինքներդ եք խնդրել Եվրախորհրդին՝ ներգրավվել այս գործընթացում: Եվ Եվրախորհուրդն սկսեց ուշադիր հետևել, թե ինչ է կատարվում: Կան մի շարք մտահոգություններ, և հետաքրքիր կլինի Ձեզնից լսել, թե ինչպես եք տեսնում հետագա զարգացումները և թե մենք ինչպես կարող ենք շարունակել օգնել Ձեր երկրին»: Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում: Նա ընդգծել է, որ ժողովրդավարության զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության, խոսքի ազատության ոլորտների վերաբերյալ միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող վարկանիշային աղյուսակներում մեր երկիրը նախորդ տարի գրանցել է մեծ առաջընթաց, խոսել է Սահմանադրության փոփոխությունների առաջիկա հանրաքվեի հանգամանքների մասին:
Մարիա Պեյչինովիչ Բուրիչը Եվրոպայի խորհրդի լիարժեք աջակցությունն է հայտնել Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումներին, այդ թվում` դատաիրավական ոլորտում և նշել, որ կշարունակեն քննարկումները ՀՀ կառավարության հետ այդ ուղղությամբ համագործակցության շուրջ: