«Ժողովուրդը» գրում է․ «Բանակում տիրող իրավիճակի մասով երեկ ուժային կառույցների ղեկավարների խորհրդակցություններն ու քննարկումները հաջորդեցին մեկը մյուսին: ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանը երեկ՝ գործուղումից վերադառնալուց հետո, նախարարությունում ժողով է հրավիրել, որից հետո շտապել է կառավարություն՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպման: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումից «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել: Փաշինյանը պաշտոնյաներին առանձին-առանձին իրենց բացթողումների մասով նկատողություններ է արել: Բոլորը, գլուխները կախ, լսել են: ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը վարչապետին ներկայացրել է բոլոր դեպքերը մեկ առ մեկ՝ նշելով, որ մեկը մյուսի հետ կապ չունեն:
Վարչապետի հետ հանդիպումից հետո նախարար Տոնոյանը ՊՆ-ում կտրուկ քայլերի է գնալու, և ՊՆ վարչություններից մեկի պետի մասով կոնկրետ որոշում կա. նա կազատվի պաշտոնից: Բացի այդ, երեկ «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ հայտնի դարձան փետրվարի 14-ին ճակատի շրջանում կրակոցի հետևանքով մահացած սպա Հայկ Ասրյանի դեպքից: Պարզվում է` նա մինչև դիրքեր բարձրանալը գնացել է հոգեբանի մոտ, բայց դա չի խանգարել, որ զենքը տան նրան ու դիրք բարձրացնեն: «Ժողովուրդ» օրաթերթը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց դեպքի հանգամանքներից, նա պատասխանեց. «Քննություն է կատարվում, այլ բան հայտնել չեմ կարող»: