ԱՄՆ մի քանի կոնգրեսմեններ հայտարարել են, որ ղարաբաղյան կողմի հրավերով իրենց աշխատակիցները կմեկնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն՝ մարտի 31-ի ընտրությունների ընթացքին հետևելու նպատակով՝ հայտնում է «Ամերիկայի Ձայնը»: «Մենք անշուշտ ցանկանում ենք արդար ընտրություններ տեսնել Արցախում մարտի 31-ին, ուստի ձեզ տեղյակ եմ պահում, որ որոշել եմ նաև իմ աշխատակցին ուղարկել ընտրությունների ընթացքին հետևելու»,-նշեց կոնգրեսմենը։ Բաքուն, որը Լեռնային Ղարաբաղը չի ճանաչում, այնտեղ անցնող բոլոր ընտրությունները «օկուպացված տարածքներում քաղաքական շոու» է անվանում:
Ճանաչի Ադրբեջանը Ղարաբաղի անկախությունը թե ոչ՝ կյանքն այնտեղ շարունակելու է զարգանալ, համոզված է հայկական արմատներ ունեցող կոնգրեսմեն Ջեքի Կանչելյան Սփիրը. «Շատ կարեւոր է, որ այնտեղի ժողովրդավարությունը շարունակական լինի»:
Կոնգրեսի աշխատակիցների թվում ընտրությունների ընթացքի մոնիտորինգ իրականացնելու համար Ղարաբաղ է պատրաստվում մեկնել կոնգրեսմեն Ֆրանք Փալոնի ավագ խորհրդական Ջեյմս Ջոնսոնը. «Ուսումնասիրել և տեսել եմ, որ Արցախի նախորդ ընտրությունները եղել են ազատ, արդար և թափանցիկ բոլոր չափանիշներով: Հույս ունենք, այժմ դրանք նույնպես ազատ կլինեն»:
Ջոնսոնի ղեկավար, կոնգրեսմեն Ֆրանք Փալոնն ավելացնում է. շատ կարևոր է ողջ աշխարհին ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղում ժողովրդավարություն է հաստատված. «Մենք ցանկանում ենք մատնանշել, որ Արցախում գործող ժողովրդավարություն է, որը համապատասխանում է ազատ հասարակության բոլոր չափանիշներին»: