ԱԳՆ-ում կայացել է կորոնավիրուսի կանխարգելման հարցով հանդիպում՝ Հայաստանում հավատարմագրված դեսպանների մասնակցությամբ։ Հանդիպմանը մասնակցել են ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը և փոխնախարար Լենա Նանուշյանը։ Արսեն Թորոսյանը ներկայացրել է Հայաստանի իշխանություններ ձեռնարկած քայլերը՝ վիրուսի դեմ պայքարի, այդ թվում նաև Հայաստան ժամանող ուղևորների մոտ սահմանային կետերում հիվանդության հայտնաբերման դեպքերում տարածման կանխարգելման ուղղությամբ։ Ելույթ է ունեցել Հայաստանում Չինաստանի դեսպան Թիան Էրլունը, նա ներկայացրել է համաճարակի շուրջ իր երկրում վերջին վիճակագրությունը՝ հայտնելով, որ ապաքինվածների թիվը համեմատական կարգով օրեցօր աճում է, և իշխանություններն ակնկալում են գարնանը կանխել վիրուսի տարածումը։
ՀՀ-ում Իտալիայի դեսպան Վինչենցո դել Մոնակոն ներկայացրել է Իտալիայում համաճարակային իրավիճակը՝ նշելով, որ վարակվածների թիվը գերազանցել է 400-ը, սակայն քանակային և տարածքային իմաստով վիճակագրությունը չնչին է և չի գերազանցում տոկոսի տասներորդական մասը։
Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը տեղեկացրել է կազմակերպության ձեռնարկած քայլերի մասին։