«Փաստը» պարբերաբար տեղեկություններ է ստանում, որ իշխանության ներսում զորակոչային խնդիրների հետ կապված ակտիվ քննարկումներ են ընթանում: Առաջարկներից մեկը վերաբերում է զորակոչային տարիքի շեմը բարձրացնելուն, որ զորակոչային տարիքը 18-27 տարեկանի փոխարեն դառնա 20-ից (նույնիսկ 21-ից) 30 տարեկան: Այսինքն, բանակ զորակոչել ոչ թե 18 տարեկանում, այլ 20 կամ 21, իսկ զորակոչային տարիքից դուրս գալու վերին շեմը 27-ից բարձրացնել 30-ի:
Թեման ինքնին նորություն չէ, նման ներքին քննարկումներ եղել են նաև նախկինում, սակայն, ըստ թերթի տեղեկությունների, թեման վերջին շրջանում նորից սկսել է ակտուալանալ: Այս տեղեկությունները ճշտելու համար թերթը դիմել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանին՝ խնդրելով պատասխանել՝ այս թեմայով քննարկումներ եղել են, ու հիմա իսկապես ակտիվացել են այդ քննարկումները:
«Ընդհանրապես նման քննարկումներ հաճախ են լինում, բայց եթե ասեմ՝ հատուկ դրա համար ինչ-որ օրակարգ է մշակվել, որ այդ հարցը քննարկվի, ոչ, չի եղել», - ասել է Արծրուն Հովհաննիսյանը: