Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները փետրվարի 28-ին հայտարարել են, որ նոր տեսակի կորոնավիրուսի տարածման ռիսկն այժմ շատ բարձր է գնահատվում: «Մենք գտնվում ենք կորոնավիրուսի տարածման ու ազդեցության տեսանկյունից ռիսկայնության ամենաբարձր մակարդակի վրա: Սա իրականության գնահատում է մոլորակի բոլոր կառավարությունների համար: Արթնացեք, պատրաստվեք: Այդ վիրուսը կարող է արդեն ճանապարհին լինել, և դուք պետք է պատրաստ լինեք: Դուք պատրաստ լինելու պարտավորություն ունեք ձեր քաղաքացիների առջև, պարտավորություն ունեք աշխարհի առջև»,- հայտարարել է ԱՀԿ-ի առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակների ծրագրի ղեկավար, դոկտոր Մայք Ռայանը:
ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Ղեբրեյեսուսն էլ ներկայացրել է կորոնավիրուսի տարածման համայնապատկերը տարբեր երկրներում և նշել է, որ պատրաստ լինելու դեպքում սարսափելի չէ, սարսափելի է միայն խուճապը, որը ստեղծվել է մարդկանց մոտ: