Այն, ինչ տեղի է ունեցել, տեղավորվում է հիվանդությունների սահմաններ չունենալու սկզբունքների շրջանակներում, և որևէ երկիր ապահովագրված չէ կորոնավիրուսի տարածման հանգամանքից՝ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ունենք ընդամենը մեկ բերովի դեպք, որը մեզ նոր քայլեր անելու է դրդում։ Որևէ հանրային առողջապահական վտանգ չի ներկայացնում՝ նույնիսկ ինքն իր համար։ Վարակված անձի նկատմամբ բուժական միջամտություն չի իրականացվում, նա պարզապես մեկուսացված է», - ասաց նախարարը։ Արսեն Թորոսյանը միաժամանակ տեղեկացրեց, որ Իրանից Հայաստան երկու չվերթերից առաջին ինքնաթիռում եղել է 52, երկրորդում՝ 82 ուղևոր։
Ինչ վերաբերում է Իրանից բեռնափոխադրումներին, նախարարը հավաստիացրեց, որ գործընթացն իրականացվում է պատշաճ հսկողությամբ:
Անդրադառնալով հարցին, թե ինչո՞ւ Իրանից քաղաքացիների մուտքն, առհասարակ, չի արգելվել ՀՀ Իրանում կորոնավիրուսի դեպք գրանցվելուց հետո, Թորոսյանն ասաց, որ նույնիսկ ՀՀ սահմանադրությամբ ՀՀ քաղաքացիների մուտքը ՀՀ չի կարող սահմանափակվել ոչ միայն օրենքներով, այլև ընդհանրապես մարդասիրության և հայրենիքի կողմից հոգածության սկզբունքներով:
Խոսելով, թե ինչո՞ւ Իրանից Հայաստան ժամանած քաղաքացիներին միանգամից ժամանելուց հետո 14-օրյա կարանտինի չեն ենթարկել, Թորոսյանն ասաց.
«Որովհետև ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է ու որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից խորհուրդ չի տրվում: Այն, ինչ երեկ տեղի է ունեցել, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպք է, հենց այդպես էլ պետք է լիներ»: Նախարարն ընդգծեց, որ Թեհրանից Հայաստան ժամանելուց հետո բոլոր քաղաքացիները օդանավակայանից դուրս են եկել այլ ուղով՝ այդպիսով քիչ վտանգ ներկայացնելով իրենց կողքի մարդկանց համար: Թորոսյանն ասաց, որ այս պահին մեկուսացված անձանց շարքում են կորոնավիրուսով վարակված քաղաքացու կինը, նրանց օդանավակայնից տուն հասցրած քաղաքացիները, Թորոսյանը հատուկ ընդգծեց, որ նրանք տաքսիով չեն գնացել տուն, մեկուսացվել է շտապօգնության ավտոմեքենայի անձնակազմը, որով քաղաքացին տեղափոխվել է հիվանդանոց: