Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն խոստովանել է, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի կողմից ավիահարվածներ չեն եղել Սիրիայում թուրք զինվորականների ուղղությամբ: Չավուշօղլուն նշել է, որ Սիրիայում տեղակայված թուրքական զորքերի և բնակավայրերի ուղղությամբ հարձակումներ են իրականացնում Բաշար Ասադի կառավարական ուժերն ու նրանց դաշնակիցները:
«Սակայն չի կարելի ասել, որ Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերն ավիահարվածներ են իրականացնում թուրք զինվորականների ուղղությամբ»,- շեշտել է թուրք նախարարը: Նա հավելել է, որ Մոսկվան և Անկարան համատեղ ջանքեր են գործադրում սիրիական Իդլիբում իրավիճակի թեթևացման համար, սակայն իրական առաջընթաց ակնկալել հնարավոր կլինի երկու նախագահների հանդիպման արդյունքում: