Սլովակիայում շաբաթ օրվա խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` համոզիչ հաղթանակ է տանում ընդդիմադիր ուժը՝ «Սովորական մարդիկ և անկախ անձինք» (OĽaNO) կուսակցությունը:
Իգոր Մատովիչի գլխավորած քաղաքական ուժը ստացել է ձայների 25 տոկոսը, իշխող կուսակցությունը՝ 18,4 տոկոսը: Սլովակիայի ամենաանկանխատեսելի քաղաքական գործիչներից մեկը համարվող Մատովիչի նախընտրական գլխավոր խոստումներից մեկը կոռուպցիայի դեմ պայքարն է: «Այժմ արդեն առանց որևէ կասկածի մենք կձերբազատվենք մաֆիայից», - հայտարարել է նա:
Սլովակիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունեցել` աննախադեպ ներքաղաքական ճգնաժամի ֆոնին: 2018-ին սլովակ լրագրող Յան Կուցիակի և նրա հարսնացուի աղմկահարույց սպանությունը հանգեցրել է բողոքի բազմահազարանոց ցույցերի, կառավարության հրաժարականին: 27-ամյա Կուցիակը հետաքննում էր Սլովակիայի քաղաքական վերնախավի և իտալական մաֆիայի հանցավոր կապերը: