Նոր կորոնավիրուսի զոհերի թիվն ամբողջ աշխարհում արդեն գերազանցել է 3 հազարը: COVID-19-ից մահվան առաջին դեպքերն են գրանցվել ԱՄՆ-ում, Թայլանդում, Ավստրալիայում: Իտալիան շարունակում է մնալ Եվրոպայում ամենամեծ բռնկման օջախը՝ այնտեղ 1700 վարակվածներից 34-ը մահացել են: Չեխիայի կառավարությունը հայտարարեց վարակի առաջին 3 դեպքերի մասին, բոլոր հիվանդները եկել են Իտալիայից:
Փարիզում փակվել է Լուվրը. աշխատակիցները որոշել են չգնալ աշխատանքի՝ օգտվելով ֆրանսիական օրենքից, որն աշխատողին թույլ է տալիս չկատարել իր պարտականությունները, եթե նրա կյանքին և առողջությանը լուրջ վտանգ է սպառնում: Ֆրանսիայում վարակի 130 դեպք է գրանցվել, երկու մարդ մահացել է: Երկրում չեղարկվել են զանգվածային միջոցառումները: