Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշել է, որ ԵԽ բարձրաստիճան պատվիրակության այցը լավ հնարավորություն է համագործակցության օրակարգը քննարկելու համար և անդրադարձել է մեր երկրում ժողովրդավարական փոփոխություններին: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Հայաստանն ընթանում է ժողովրդավարական ինստիտուտների հզորացման ճանապարհով, և այդ գործընթացում միջազգային, այդ թվում՝ եվրոպական, կառույցների հետ գործընկերությունը կարևոր նշանակություն ունի:
Խրիստոս Յակումոպուլոսի խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը կարևորում է Հայաստանի հետ գործընկերության ամրապնդումը և պատրաստակամ է օժանդակել մեր երկրին բարեփոխումների գործընթացում: Զրուցակիցները քննարկել են դատաիրավական ոլորտում բարեփոխումների շրջանակում ՀՀ-ԵԽ համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը վերահաստատել են մեր երկրում ժողովրդավարությունն ամրապնդելու ուղղությամբ համատեղ խորհրդատվական քննարկումները շարունակելու և համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը: