Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ բրիտանական բանակը պատրաստ է աջակցել ոստիկանությանը հանրային անդորրը պահպանելու հարցում, եթե կորոնավիրուսին առնչվող հնարավոր զարգացումներն ընթանան առավել հոռետեսական տարբերակով:
Կառավարությունը հրապարակել է կորոնավիրուսի տարածման պարագայում «պայքարի ծրագիր», որը ենթադրում է դպրոցների փակում և աշխատանք տնից: Ջոնսոնի կառավարությունը պետական և մասնավոր կառույցներին կոչ է արել պատրաստ լինել, որ նման սցենարի դեպքում յուրաքանչյուր 5 ծառայողներից մեկը շաբաթվա առավել լարված օրերին կարող է ներկա չլինել հիմնարկում: Պատասխանելով հարցին, թե բանակը կմիանա՞ ոստիկանությանը, եթե ի հայտ գա տարատեսակ ապրանքների պակաս և հանրային լարվածություն, Ջոնսոնն ասել է, որ «բանակն, իհարկե, միշտ պատրաստ է գործել, սակայն դա հնարավոր կլինի միայն վատագույն սցենարի պարագայում»: